«Ինքը վիրավոր էր, բայց շտապեց օգնելու իր վիրավոր հրամանատարին». ճանաչե՛ք թշնամու տանկ ու մի ամբողջ վաշտ ոչնչացրած ՀԵՐՈՍ Լյուդվիգին

Լյուդվիգ Արսենի Ավդալյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 3-ին Երևանում: Սովորել է տեղի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան:

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 20-ին՝ կիսատ թողնելով ուսումը: Եղել է գնդացրորդ, սերժանտ։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից մինչև հոկտեմբերի 21-ը:

Լուդվիգը հենց սեպտեմբերի 27-ին իրեն ամրակցված զենքով հետ է շպրտել հակառակորդի առաջ մղվող զորքը: Որոշ ժամանակ անց նա և իր դիրքի անձնակազմը հայտնվել են շրջափակման մեջ: Նույն օրը երեկոյան, ճեղքելով հակառակորդի շրջափակումը, կարողացել է դուրս գալ և տեղափոխվել առավել նպաստավոր բնագիծ:

Սեպտեմբերի 28-ին սերժանտ Ավդալյանի ոտքերի մոտ 3 նռնակ է պայթել, որի արդյունքում ստացել է բեկորային վիրավորում և նրան տեղափոխել են «Նարինջ» կոչվող հրամանատարական կետ, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն: Հոկտեմբերի 3-ին՝ նույն հենակետում, նորից հայտնվել են շրջափակման մեջ, որից կարողացել է դուրս գալ և փրկել զինակից ընկերների կյանքը:

Սերժանտ Ավդալյանը ջախջախել է թշնամու տանկը և ոչնչացրել մի ամբողջ վաշտ: Նռնակի պայթյունից ստացած վիրավորումից դեռ լիարժեք չապաքինված՝ շտապել է դիրքեր:

2020 թվականի հոկտեմբերի 21-ը ճակատագրական էր: Մարտական գործողությունների թեժ պահին գտնվելով վիրավոր վիճակում՝ օգնություն է ցուցաբերել իր դասակի հրամանատար վիրավորում ստացած Սարգիս Մանուկյանին և հենց այդ օրն էլ զոհվել Կարախանբեյլի շրջանում:

Սերժանտ Լյուդվիգ Արսենի Ավդալյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...