Կոշ գյուղի մոտակայքում գտնվող այս խաչքարը հետաքրքիր պատմություն ունի․ լսե՞լ եք վանքի վարդապետի տեսիլքի մասին

Կոշ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի հուշարձաններից վաղագույնները թվագրվում են դեռևս վաղ երկաթի դարաշրջանին։

Երևան-Գյումրի մայրուղու Կոշ գյուղի հատվածում է գտնվում 7 մետր բարձրությամբ հսկայական խաչքարը: Այն կառուցվել է 1194 թվականին։

Խաչքարը դրվել է ի հիշատակ Կոշի վանքի Պետրոս Ականատես վարդապետի տեսիլքի։ Ըստ վարդապետի տեսիլքի երկնքից երկու հրեշտակ են իջնում ու Հայաստանն ազատագրում են սելջուկների 140-ամյա տիրապետությունից։ Այդ տեսիլքից ուղիղ 20 տարի անց Զաքարե և Իվանե հայ իշխանները հայ-վրացական զորքերով ազատագրում են Հայաստանը և հենց այդ ժամանակ էլ դրվում է խաչքարը:

Խաչքարի պատվանդանին կա 10 տող արձանագրություն, ըստ որի, Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175 թվականի տեսիլքում: