Աշոտը, որպես ականատես իր լուսանկարներով ցույց է տվել քառօրյա պատերազմի ողջ ընթացքը

Աշոտ Ավագյանը իր լուսանկարներով ցույց է տվել ամբողջ քառօրյա պատերազմը։ Զինվորների ապրումներն ու հույզերը, ամեն-ամեն մանրուք իր արտացոլումն են գտել նկարներում։

Արկակոծման ենթարկված ավտոմեքենա, պատերազմին մասնակից զինվորներ ու ոչ մի թիզ չհանձնելու խոստումներ՝ գրված ստվարաթղթե արկղերի վրա։ Ոչ մի թիզ հող թշնամուն, դիրքերն ամրացնելու համար դեռ մի բարձունք էլ պետք է հետ վերցնենք. Սրանք այն գրություններն են, որ պատերազմի մասնակից զինվորները թողել են այդ օրերին դիրքերում եղած ստվարաթղթի վրա։

Լուսանկարիչ Աշոտ Ավագյանի՝ այդ օրերին արված լուսանկարներից բացի կարևոր տեղ է հատկացված նաև զինվորների թողած գրություններին։

«Երբ դու խրամատի մեջ ես, մեկ-երկու օր անց արդեն սկսում ես ձանձրանալ նույն վիճակից։ Ես էլ ձանձրույթը ցրելու համար ստվարաթղթե արկղի վրա գրեցի. «Տղերք, կարո՞ղ է…դիրքեր տանք»։ Պատասխանն արդեն զինվորներն ավելացրեցին»,- պատմում է հեղինակը։

Նկարներում ներկայացված են նաև այդ օրերին արկակոծման ենթարկված Գորիսի կամավոր ջոկատի ավտոմեքենայի որոշ մասեր՝ ի հիշատակ Աշոտ Ավագյանի զոհված ընկերների և ի հիշեցում այդ օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի։