«Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է». ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ավետիք Իսահակյանի կյանքից, որն անպայման կարդալ է պետք

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:

Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը //մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:

Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:

Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում…

Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:

Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:

Իսահակյանը թե՝ Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է: