«4 ամիս, ու Խաչիկը տուն կգար, բայց բռնեց հավերժի ճամփան». ճանաչե՛ք թշնամու բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ խոցած ՀԵՐՈՍ Խաչիկին

Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում: Հաճախել է տեղի թիվ 78 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ թիվ 83 ավագ դպրոցը: Երկար ժամանակ ակտիվորեն մասնակցել է ռազմահայրենասիրական համահայկական երիտասարդական «Ժայռ» հասարակական կազմակերպության գործունեությանը:

Դպրոցական տարիքից «Ժայռում» սովորել է վարժ կիրառել տարբեր զինատեսակներ, տիրապետել էքստրեմալ պայմաններում ողջ մնալու արվեստին, կոփվել էր ոչ միայն ֆիզիկապես, այլև ոգով: 2017 թվականին ընդունվել է ԵՊՀ՝ իրավագիտության ֆակուլտետ:

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 17-ին՝ կիսատ թողնելով ուսումը: 6 ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ստացել կրտսեր սերժանտի կոչում, հաջորդ 6 ամիսը ծառայել է Կարճաղբյուրի զորամասում, իսկ 2020 թվականի հունվարից տեղափոխվել Սոտքի զորամաս, որի ենթակայության ներքո իրականացրել է մարտական ծառայություն Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին: Ողջ ընթացքում ցուցաբերել է բացառիկ խիզախություն, իրականացրել է իր հաշվարկի գործողությունների հմուտ ղեկավարում, գրագետ և ճշգրիտ կրակի ապահովում, որի արդյունքում հաշվարկը խոցել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և կենդանի ուժ:

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդի կրակից ստացել է մահացու բեկորային վիրավորում:

ՀՀ նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանագրով կրտսեր սերժանտ Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, 2021 թվականի հուլիսի 9-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...