«Ես գրեթե հարյուր երկիր եմ այցելել, հայերն աշխարհի ամենահյուրասեր մարդիկ են»․ ինչպե՞ս ամերիկուհին հայտնվեց Հայաստանում

Երբեք հնարավոր չէ կանխատեսել՝ ինչի կարող է հանգեցնել հերթական ծանոթությունը կամ նոր ուղևորությունը։ Ժպտերես ու դրական Մեգանը Սթարը սկզբում ուզում էր տեսնել Վրաստանն, ձեռքի հետ էլ Հայաստան այցելել։ Իսկ այժմ արդեն նա Երևանն իր տունն է համարում։ Հենց նրա թեթև ձեռքով էլ Գյումրին հայտնվել է Forbes-ի ցանկում։

«Այն ժամանակ Նորվեգիայում էի ապրում, բլոգինգով էի զբաղվում։ Համացանցում ծանոթացա Զառա անունով մի աղջկա հետ։ Նա հայուհի է փոքր տարիքում ԱՄՆ է տեղափոխվել, բայց անչափ սիրահարված է իր հայրենիքին։ Նա ինձ համոզում էր անպայման Հայաստան այցելել»,-ասում է Մեգանը։

Դա 2013 թվականն էր։ Երիտասարդ ամերիկուհին նորվեգացի ընկերոջ հետ Հայաստան էր եկել ու բնակվում էր Կոմիտասի պողոտայում՝ Զառայի բարեկամների տանը։ Ամերիկուհուն նախևառաջ ցնցել են մարդիկ։ Աղջիկը խոստովանում է, որ տեսարաններն այստեղ հիանալի են, իսկ մարդիկ այս երկրում ամենալավն են։

«Ես գրեթե հարյուր երկիր եմ այցելել, բայց դեռ կարծում եմ, որ հայերն աշխարհի ամենահյուրասեր մարդիկ են»,-խոստովանում է Մեգանը։

Աղջկան ամենաշատը գերել են բլոգեր ու ճանապարհորդ Արամ Վարդանյանի մոր պատրաստած քյուֆթան ու սպասը։ Հենց Մեգանի և Արամի ջանքերով Forbes հեղինակավոր պարբերականը օրերս Գյումրին ներառել է աշխարհի պարտադիր այցելելու քաղաքների ցանկում։

Հարցին՝ ինչով է ամերիկուհուն գրավել Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը, աղջիկը պատասխանում է․ «Առաջին անգամ Գյումրի այցելել էի 2019 թվականին։ Քաղաքն չտեսնված զարկերակ ուներ։ Այն նման չէր իմ այցելած ոչ մի բնակավայրի, միաժամանակ շատ ծանոթ էր ու ջերմ։ Մարդիկ բարեհամբյուր էին, իսկ ճարտարապետությունն ապշեցրեց ինձ»։