Բանակ գնալուց առաջ գրել էր. «Հիշեք անունս, որ գրեք մեծատառերով, այսուհետ նկարից մոտիկ ես չեմ լինի ձեզ». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Նարեկի պատմությունը

Նարեկ Վոլոդյայի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 10-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։ Մանկուց եղել է շատ համեստ, բարի, խելացի, բայց միևնույն ժամանակ շատ աշխույժ երեխա։

2007 թվականից հաճախել է Արմավիր մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցը, այնուհետև 2010 թվականին ընտանիքով մեկնել է Մոսկվա բնակության, որտեղ էլ հաճախել է Միտիշիի 14 միջնակարգ դպրոցը։

Նարեկը սպորտի սիրահար էր, և ինչպես Հայաստանում այնպես էլ ՌԴ-ում զբաղվում էր սպորտով՝ դյուդո, սամբո, ազատ ըմբշամարտ: Ունեցել է բազմաթիվ հաջողություններ՝ դառնալով Մոսկվայի, Միտիշիի բազմակի չեմպիոն, կենտրոնական դաշնային շրջանի եռակի չեմպիոն և Աշխարի չեմպիոն:

Դպրոցն ավարտել է 2016 թվականին և ընդունվել Մոսկվայի Կոմերցիոն համալսարանին կից քոլեջ՝ ձեռք բերում Կոմերցիոն մենեջերի մասնագիտություն։ Որոշում է ուսումը շարունակել Հայրենիքին պարտքը տալուց հետո։ Հայրենիք վերադառնալով՝ նա իր իստագրամյան էջում գրառում է կատարում «Հիշեք անունս, որ գրեք մեծատառերով»: Իսկ զորակոչվելուց առաջ «Այսուհետ նկարից մոտիկ ես չեմ լինի ձեզ» խոսքերը։

Ուղղակի զուգադիպություն, թե…

Հայոց բանակ զորակոչվեց 2020 թվականի օգոստոսի 7-ին: Ծառայել է Արցախում՝ Մարտակերտի զորամասում։ Հրամանատարն Նարեկին նշանակում է վաշտի ավագ՝ ցանկանալով իր մոտ պահել որպես հետախույզ, սակայն Նարեկն իր ցանկությամբ ծառայությունը շարունակում է որպես հրետանավոր։

Զոհվեց սեպտեմբերի 28-ին զորամասի հրետակոծության ժամանակ… Արցախի նախագահի կողմից պարգևվատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...