Գիտե՞ք, թե որն է Նարոտի՝ կարմիր ու սպիտակ թելերի խորհուրդը

Սուրբ Մկրտությանն անմիջապես հաջորդող Սուրբ Դրոշմի խորհրդի վերջում քահանան օրհնում է խաչով նարոտը, որը կարմիր և սպիտակ թելերից է հյուսված:

Ըստ եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու այս գույները խորհրդանշում են Քրիստոսի կողից բխած ջուրն ու արյունը, այսինքն՝ Խաչելությունը, որով Աստված հաղթեց աշխարհին։ Պողոսն էլ է գրում կորնթացիներին, որ ինքը չի ուզում ուրիշ բան տեսնել նրանց մեջ, այլ՝ միայն Քրիստոսին, այն էլ՝ խաչը ելած: Մեր եկեղեցական մատենագրության մեջ ջուրն ընկալվել է իբրև Սուրբ Մկրտության խորհուրդ, իսկ արյունը Սուրբ Հաղորդության:

Նարոտը խավար աշխարհի, մեղքի ու հեթանոսության դեմ, քրիստոնեության տարած հաղթանակի նշանն է, նրա հաղթական դրոշը։ Մկրտվողը, կրելով նարոտը, ի լուր աշխարհի վկայում է քրիստոնեություն ընդունելու իր հաղթական որոշումը։

Սովորաբար նարոտով խաչը կրում են երեք օր, իսկ դրանից հետո այն փոխարինում են շղթայով, իսկ նարոտն էլ պահում: