«Սրանք մխիթարում են որդեկորույս ծնողներին». ՀԱՅ գեղանկարչի կտավներում և որմնանկարներում վերածնվում են մեր ՀԵՐՈՍՆԵՐԸ

Գյումրեցի գեղանկարիչ Արման Մաթեւոսյանի արվեստանոցի նախասրահում հյուրերին դիմավորում են արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով նահատակված հերոսների կտավները:

Այստեղ պատերազմ-արհավիրքը, արյունալի պատմություններն ու հաղթելու մեծ փափագը դարձյալ վերհիշում ես ակամայից, ցավոտ ապրումները քեզ բերում են ներկա՝ հետպատերազմյան նույնքան ցավոտ օրեր։

vormnankar

«Սարսափելի դժվար է նրանց նկարել, ինձ գրեթե հասակակիցներ են։ Բարդ է ստեղծագործելը, նրանք զոհվել են հանուն հայրենիքի, ես նրանց երկրորդ կյանք եմ տալիս։ Կտավները, որմնանկարները մխիթարանք են ծնողների համար»,-անկեղծանում է Արմանը։

Արման Մաթևոսյանը 2021 թվականի փետրվարից մինչեւ այսօր արցախյան 44–օրյա պատերազմում զոհված հերոսների մոտ 150 կտավ եւ որմնանկար է ստեղծել սաների օգնությամբ։ Խոստովանում է՝ հոգեբանորեն դժվար է աշխատել, բայց հարազատների արձագանքն անպատասխան չի թողնում։

ktav

Երեւանում ապրելու օրերին Արմանի հարեւաններից է եղել Տարոն Գիվարգիզյանը, որը եւս զոհվել է պատերազմում։ Նրա որմնակարի ստեղծումը գեղանկարչի համար շատ դժվար է եղել։

Ասում է՝ զոհվածների հարազատներն հիմնականում որմնանկարներ են պատվիրում։ Որմնանկարներում Արմանը նաեւ հավերժացնում է հերոսների կատարած սխրանքներից դրվագներ։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերի գյուղերի, քաղաքների, նաեւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բարձրահարկ շենքերին ստեղծել է նահատակված զինվորների որմնանկարները, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ երկու մետր երկարություն։

mkhitar

Երիտասարդ նկարիչն անկեղծանում է՝ բարձրահարկ շենքերի պատերին դժվար է որմնանկարներ ստեղծել։ Մոտ մեկ օր պահանջվում է պատին աշխատանքի էսքիզը կատարել, իսկ 7-8 ժամ հատկացնում է էսքիզի հիման վրա որմնանկարի ստեղծմանը։

Առաջին որմնանկարը եղել է հերոսացած Մխիթար Գալեյանինը։ Երեւանի Կոմիտաս փողոցի շենքերից մեկի պատին Արմանի պատկերած որմնանկարի մասին պատմող տեսանյութն արագ տարածվել է համացանցում, որից հետո զանգերը չեն դադարել։

taron

Զոհվածների հարազատները Արմանին փնտրում եւ գտնում են սոցիալական ցանցերի կամ լրատվական հոդվածների միջոցով։

Ամեն կտավի ստեղծման համար Արմանից պահանջվում է մոտ 200 ժամ կամ 8-9 օր։

goginyan