ՀԵՆՑ այս ՀԱՅԻ միջոցով ԹԵՀԼՐԻՐՅԱՆԸ գտավ Թալեաթին. ինչպե՞ս ՆԱ, թուրք ձևանալով, ընկերացավ թշանումու հետ և մատնեց մեղավորներին

Հրաչի պատմությունը նման է հոլիվուդյան ժամանակակից լրտեսական ֆիլմի սցենարի, սակայն նրա կյանքը ֆիլմ չէր, ինքն էլ կինոյի հերոս չէր, այլ հայի կյանքի սարսափելի իրականությունը:

Հրաչ Փափազյանը (ավազանի անունը Կարապետ, Կարպիս) ծնվել էր 1892թ.-ին Յոզղատում, մի կերպ փրկվելով ցեղասպանությունից՝ հաստատվել Հալեպում, այնուհետև տեղափոխվել Կ.Պոլիս, և դարձել «Նեմեսիսի» կարևորագույն գործող անձանցից մեկը։ Նա հրաշալի խոսում էր մի քանի լեզուներով՝  հատկապես թուրքերեն ու որոշվում է, որ նա կփոխի ազգանունն ու կմտնի թուքերի մեջ, որ ոճրագործներից իմանա նրանց գաղտնի ծրագրերի մասին:

Հրաչը դառնում է Մեհմեդ Ալի, անգամ թլպատվում է, որպեսզի եթե երիտթուրքերի հետ բաղնիք գնալու անհրաժեշտություն լինի, որևէ մեկը կասկած չունենա նրա կրոնական պատկանելության մասին։ Մի ամբողջ լեգենդ է հորինվում. իբրև թե Հրաչը Ռիզա անունով հարուստ հորեղբոր հոգածության ներքո է, հիվանդ է, և հորեղբայրը պատրաստ է ցանկացած զոհողության, միայն թե գտնվի սիրելի եղբորորդու բուժումը։ Բուժման նպատակով նա եղբորորդուն Գերմանիա է ուղարկում։ Ու քանի որ Մեհմեդը չգիտի գերմաներեն, չի ճանաչում Բեռլինը, հիվանդ է և միայնակ, փնտրում է իր հայրենակից թուրքերին՝ մենակ չլինելու, նրանց աջակցությունը ստանալու համար։ Իբրև թե թուրք եղբայրների հետ ծանոթանալու նպատակով նա պարբերաբար այցելում է Ազմիի խանութ. այդպես նաև ընկերանում թուրք ոճրագործի ավագ որդու՝ Էքմելի հետ։

Հրաչի գործը ոչ միայն վտանգավոր էր, այլև հոգեբանական առումով թերևս ամենածանրն ու դժվարը։ Ազմին հավատացած էր, որ Մեհմեդն իր ավագ որդու լավագույն ընկերներից է, հետևաբար վստահում էր նրան, ծանոթացնում նաև Բեռլինում ապաստան գտած մյուս ոճրագործների հետ, իսկ Հրաչը ստիպված էր լսել նրանց լկտի, ծաղրական զրույցներն այն մասին, թե ինչպես են հայ կանանց, երեխաներին բռնաբարել, ինչ դաժան ձևերով են սպանել, հոշոտել։ Հրաչը ստիպված էր ոչ թե պարզապես լսել, այլև մյուս երիտթուրքերի նման ձևացնել, որ հաճույք էր ստանում այդ պատմություններից։ Օրինակ, մի անգամ Ջեմալ Ազմին հպարտությամբ պատմել էր, թե ինչպես էր Տրապիզոնի հայերի միջից ընտրել 10-13 տարեկան առողջ երեխաների, նվիրել որդուն, իսկ մյուսներին հրամայել «լցնել» կողովների և սնդուկների մեջ ու բաց ծովը նետել։

Հրաչին հաջողվել էր բացահայտել նաև Բեհաէդդին Շաքիրի գտնվելու վայրը. վերջինս մինչ այդ այնքան հմտորեն էր թաքնվում, որ հայ հետախույզները ոչ մի կերպ չէին կարողանում հայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Հրաչի հաղորդած տեղեկության շնորհիվ 1922թ.-ի ապրիլի 17-ին Բեռլինի Ուհլանտ փողոցում Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը գնդակահարում են Ջեմալ Ազմիին և Բեհաէդդին Շաքիրին։

Հրաչն այնքան պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով էր առաքելությունն իրականացրել, որ անգամ դրանից հետո Ազմիի որդու մոտ կասկած չէր առաջացել, թե իր ընկեր Մեհմեդը կարող է հայ գործակալ լինել։ հավաքագրելով երիտթուրքերի ծրագրերի, գործունեության վերաբերյալ ամենակարևոր տեղեկությունները՝ Հրաչը Բեռլինում է մնում մինչև մայիսի վերջ՝ առաքելության ավարտը և մի օր անհետանում Էքմելի կյանքից: