«Ինձ ասում էր՝ չէ՛, հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է։ Նռնակի պայթյունից, չէի կարողանում քայլել»․  Հերոս Արմանի պատմությունը

Մեր կողքին ապրող հերոսներից Արման Ավետիսյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջրականի (Ջաբրայիլ) դիրքում մարտական հերթապահություն էր անցկացնում: Առաջին հարվածներից մեկն էլ իրենց բաժին ընկավ:

«Առավոտյան ժամը 4:30-ին անակնկալ հարձակվեցին: Չէինք մտածում, որ ռազմական գործողություններ են սկսել, պատերազմ է: Բայց զգացինք, որ առանց դադարի են կրակում ու իրենց, հիմնականում, բարձունքն է հետաքրքրում: Մենք էլ այդ բարձունքը պահող դիրքերից մեկն էինք», — պատմում է հերոսը: Կողքի դիրքերում արդեն լուրջ մարտեր էին ընթանում, վերևում անօդաչու սարքեր էին հայտնվել, թուրքերը դիրքեր էին մտել։

«Մեր դասակի հրամանատարը՝ լեյտենանտ Շահբազյանը, գնաց առաջնագիծ՝ տեսնելու, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ շարժ է: Առաջնագծում ինչ-որ մեկին նկատելով՝ կրակել էր, ու իր ուղղությամբ նռնակ էին գցել: Վիրավորվել էր»: Արմանն երբ իմացավ, որ իր հրամանատարը վիրավորվել է, ժամանակ չկորցրեց: Անմիջապես շտապեց օգնության՝ չսպասելով անգամ որևէ հրամանի:

«Նռնակի պայթյունից ոտքերում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել, չէր կարողանում քայլել: Ինձ ասում էր՝ չէ՛, հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է։ Ճանապարհի կեսն էինք վերադարձել, իմ ոտքերի տակ էլ նռնակ գցեցին: Երկու-երեք անգամ փորձեցի կանգնել, չկարողացա: Սկզբում մտածում էի, թե գլուխս է պտտվում», — պատմում է Արմանը։

Մտքով անգամ չէր անցնում, որ կարող է ոտքից զրկված լինել: Ստորին վերջույթում ցավեր զգալով՝ շոշափել ու հասկացել է, որ ոտքը կտրվել է.

Մոտ երկու ժամ էր անցել, զորամասից օգնություն եկավ, տղաների համար փամփուշտներ էին բերել, Արմանին էլ պետք է իջեցնեին զորամաս: Մինչև կհասնեին մեքենային, որ նստեին, նորից կրակեցին: Փամփուշտը նորից Արմանի ձախ ոտքին դիպավ: Ցավին գումարվել էր արյան կորուստը, ու Արմանն արդեն սկսել էր գիտակցության կորուստ ունենալ: Արթնացավ գիշերվա ժամը 3-ին՝ Ստեփանակերտի հոսպիտալում: Նա Հայաստան տեղափոխված առաջին վիրավորն էր։

Իր կողքին գտնվող բոլոր մարտական ընկերները հենց այդ գիշեր զոհվել էին…