«Ինձ հիվանդանոց տեղափոխող մեքենան 500 մետր գլորվեց ձորը. բոլորը զոհվեցին, բայց Աստված ինձ գերեզմանից տուն բերեց». ՀԵՐՈՍ ՀՈՎՍԵՓԸ հիշում է գերության դաժան օրերը

Պատերազմը սկսելուց հետո, ինչպես շատ երիտասարդներ, Հովսեփը նույնպես ծանուցագիր է ստանում, որ պետք է մեկնի ծառայության: Հոկտեմբերի 17-ին նրան տանում են Հոկտեմբերյան, ապա Սիսիան, որտեղ մի քանի օր վերապատրաստվելուց հետո, հոկտեմբերի 24-ին տեղափոխում են արդեն ռազմաճակատ՝ Կուբաթլու.

«Միանգամից դիրքեր բարձրացանք եւ 10 րոպե չէր անցել սկսվեց հրետակոծություն: Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ մեկը մեզ այդտեղ սպասում էր: Ինձ հետ գնացողներից շատերը զոհվեցին այդ պահին: Միանգամից առաջ շարվեցի, որ վիրավորներին օգնեմ, շտապօգնության մեքենայով ճանապարհեցինք: Որից մի 15 րոպե հետո աջ ոտքից բեկորային վնասվածք ստացա նաեւ ես: Ինձ նույնպես  փորձեցին տեղափոխել մոտակա հոսպիտալ, քանի որ վնասվածքը շատ խորն էր»:

Բեռնատարը, որով փորձում էին հոսպիտալ տեղափոխել Հովսեփին ու մյուս վիրավորներին, թշնամու անօդաչու թռչող սարքի պատճառով մոտ 500 մետր գլորվում է ձորը: Հովսեփի խոսքով՝ ինքը հրաշքով է ողջ մնացել, իսկ մեքենայի մյուս 5 ուղեւորները մահացել են.

«Ոտքս դուրս ընկավ տեղից , սողալով դուրս եկա մեքենայից, որպեսզի չպայթի: Բայց գլխավերեւումս զգացի, որ կրկին անօդաչու է պտտվում: Ինձ վրա 4 հատ բոմբ գցեց: Այդ պահին մտածեցի, որ վերջ, իմ վերջը սա է, բայց չպայթեց: Հետո 2 օր սողալով բարձրացա սարը եւ տեսա, որ դիմացս ադրբեջանցիներն են: Տեսա նաեւ, որ մեր զինվորական շտապօգնության մեքենա էլ կա: Մտածեցի մթնի, նոր կմոտենամ մեքենային, որպեսզի կարողանամ այդտեղից դուրս գամ, բայց չհասցրեցի: Մոտ 20 ադրբեջանցիներ բարձրացան վերեւ ու ինձ տեսան այդտեղ»:

Հոկտեմբերի 26-ին Հովսեփը գերի է ընկել.

«Սկիզբը բնականաբար դժվար էր: Գերի եմ ընկել, ճակատս չէին պաչելու: Ցավեցրել են, նաեւ խփել են: Այդ բանտում Հովսեփը մնում է 33 օր: Նույն խցում իր հետ եղել են նաեւ Հայկն ու Վահեն: Նրանք նույնպես հայրենիք վերադարձած տղաների մեջ են: Մինչեւ վերջին ժամը տղաները տեղյակ չեն եղել, որ իրենք նույնպես պետք է վերադառնան տուն.

«Մեզ ասել են գալուց երեւի կես ժամ առաջ: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ գալիս ենք Հայաստան: Եղել են մտքեր, որ մտածել ենք՝ կարող է չվերադառնանք, մեր վիճակը ո՞նց կլինի: Մտածել ենք, որ կարող է ուշ լինի, կամ մենք այդ ցուցակներում ընդհանրապես չլինենք: Եղել են տրտմության օրեր: Բայց Աստծո խոսքը մեզ օգնեց այդ 33 օրը հաղթելու եւ գերությունից դուրս գալու համար»: