«Աղջկան ծննդատնից տուն բերեց, իրան տարան դիրքեր». 27-ամյա ՀԵՐՈՍ Լավրենտը գիտակցաբար գնացել է մահվան ընդառաջ, ճանաչե՛ք ՆՐԱՆ

«Մենք ապրում ենք դժոխքի մեջ՝ մեր ամբողջ տունը, իրա 3 տարեկան տղեն ամեն անգամ հոր նկարին նայելիս ասում ա՝ պապային եմ ուզում, Լավո՛, արի»,- հուզմունքով պատմում է 50-ամյա Գոհար Բարոյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է միակ որդուն։

27-ամյա Լևոն (Լավրենտ) Համբարյանը մասնագիտությամբ ոսկերիչ էր, ընտանիքով Մոսկվա էին տեղափոխվել բնակության նպատակով, սակայն երկրորդ երեխայի ծնվելուց առաջ վերադարձել էին Հայաստան։ Այնուհետև որոշել էր զինվորական ծառայության անցնել, ծառայում էր ՀՀ ՊՆ Վանաձորի N զորամասում՝ հետախուզության բաժնում։ 

Դստեր ծնվելուց անմիջապես հետո՝ 2020-ի հուլիսին, երբ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշ-Թովուզ հատվածում ռազմական բախում եղավ, Լավրենտ Համբարյանը արդեն դիրքերում էր․ «Աղջկան ծննդատնից տուն բերեց, իրան տարան Շամշադին»։ 

lavrent

«Անվախ» կոչվող դիրքը իրանցն էր, իրանք էին դիրքը գրոհել ու գրավել։ Կենդանության օրոք Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան տվեցին իրեն, նաև անձնական զենք»,- ասում է մայրն ու հավելում, որ թոռնիկը երկու ամսականը բոլորեց, ու սկսվեց 44-օրյա պատերազմը։ Որդին գնաց կրկին առաջնագիծ, բայց այս անգամ՝ չվերադարձավ…

Մայրն ասում է՝ որդին նվիրված էր հայրենիքին, հողին ու ջրին։ Շատ խիզախ էր ու քաջ․ «Ես շատ անտրամադիր էի, բայց ինքը դուխով, միշտ ասում էր՝ մա՛մ, չվախես, սաղ լավ ա լինելու, հետ ենք գալու, հաղթելու ենք, մենք գրոհում ենք, թուրքը վախկոտ ա։ Մատաղիսում իրենք իրոք մի քանի դիրքեր գրոհել էին, որ հետո ստորագրեցին, հանձնեցին»,- հուզվում է մայրը։

Լավրենտը կռվել է Ջրականում, Մատաղիսում, հոկտեմբերի 6-ին Մատաղիսում էլ զոհվել է ԱԹՍ հարվածից՝ ընկերոջն օգնության հասնելիս:

yntaniq

Մայրը պատմում է․ «ԱԹՍ-ն եկել, խփել ա, ընկերոջ ձեռքը կտրվել ա, ցավից գոռացել ա, տղես առաջ ա վազել՝ զենքը վերև պահած, կրակելով ԱԹՍ-ին՝ գնացել է ընկերոջը փրկության, բայց չի հասցրել։ ԱԹՍ-ն խփել է ծնոտին, աորտան միանգամից տրաքացրել։ Ընկերը գոռացել է՝ ո՞ւր ես գնում, Լավրո՛, չես փրկվի, հետ փախի, ինքը գիտակցաբար գնացել ա մահվան ընդառաջ»։

Մայրն ասում է՝ հայրենիքը պաշտպանելու համար որդին միշտ պատրաստ էր կյանքը զոհելու։  Որդու զոհվելու մասին իմանալուց հետո Գոհարը կոմայի մեջ է ընկել, ասում է՝ չի հիշում, թե ինչ է կատարվել։ Բժիշկների օգնությամբ է կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը։

Լևոն (Լավրենտ) Համբարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։