«Ուզում էի զինգրքույկը պահեի, մեկ էլ տեսնեմ՝ ծիծաղելով եկավ ասեց՝ արդեն ուշացել ես, մոտս ա». 2 երեխաների հայր, ՀԵՐՈՍ ՎԱՀԱՆԸ կամավոր մեկնեց պատերազմ

Պատերազմում զոհված 33-ամյա Վահան Տոնոյանի կինը՝ 30-ամյա Մերի Ղազարյանը, ասում է, որ իր կյանքի նպատակը 9-ամյա դստերը և 8-ամյա որդուն իրենց նպատակին հասցնելն է, հետո ամուսնուն միանալը։ Ասում է՝ Վահանին միանալու ցանկություն եղել է, կա ու միշտ կլինի։ 

«Իմ ու Վահանի սերը ունիկալ էր՝ սկսած մեր ծանոթության պահից։ Ես թատերականի ուսանող էի, իսկ Վահանը էն տրանսպորտի վարորդն էր, որով դասի էի գնում-գալիս։ Սկզբում գումարը չէր վերցնում, բայց ես, իհարկե, միշտ գումար էի թողնում, հաճախ ստիպված էի լինում նույնիսկ ավելի շատ թողնել, քան պետք էր, ու էդպես տակ էի տալիս»,- ժպիտով հիշում է Մերին։ 

«Ամսի 27-ի առավոտ մամաս զանգեց, ասեց՝ պատերազմ ա… Առաջին բանը, որը մտքովս անցավ, եղել ա՝ Վահանը կգնա, որովհետև Ապրիլյանի ժամանակ հազիվ էի գնալուց հետ պահել։ Երբ իմացա, որ արդեն ուզում էր գնար, արագ-արագ հելա, որ զինգրքույկը պահեմ, որովհետև մեր բարեկամներից մեկին առանց զինգրքույկի չէին տարել։ Մեկ էլ տեսնեմ՝ ծիծաղելով եկավ՝ զինգրքույկը ձեռքին, ասեց՝ է՞ս ես ման գալիս, արդեն ուշացել ես, մոտս ա»։

vahani yntaniqy

Վահանը որպես կամավոր մեկնել է Հադրութ հոկտեմբերի 3-ին։ Դա էլ այն պարագայում, երբ մինչ այդ Արցախում երբեք չէր եղել։ 

«Հոկտեմբերի 3-ին զանգեց, ասեց՝ տուր երեխեքի հետ խոսեմ, միացրի, տվեցի երեխեքին, ասեց՝ մամային չջղայնացնեք, խելոք կմնաք, գնում եմ պատերազմ։ Հեռախոսը վերցրի, սկսեցի լացել, ասում էի՝ չէ, էլի, ո՛նց ենք մենք ապրելու, առանց քեզ չենք կարա, ասեց՝ ես գնում եմ մեռնելու, դու ապրելո՞ւց ես խոսում»։

Ամսի 6-ին Վահանը երկու օրով եկել էր տուն։ Կինն ասում է՝ շատ էր ուրախացել ամուսնու վերադարձից, փաթաթվել ու ասել է՝ ինչ լավ ա, որ հետ է եկել:

«Ասեց՝ մի՛ ուրախացի, էլի եմ գնալու: Ամսի 8-ին եկավ, ասեց՝ Մերիկո, շորերս դիր, լողանամ գնամ, մարդ կա տենալու։ Չէր ուզում ասեր, որ գնում էր։ Էդ օրը շատ ամուր փաթաթվեց, պաչեց։ Գնալուց հետո տղես ասեց՝ մամա՛, սիրտս մի տեսակ անհանգիստ ա, պապան ոնց որ պատերազմ գնաց։ Գառնիկի էդ խոսքից ես էլ ընկա տագնապի մեջ, ու ավելի ուշ հասկացա, որ էդ իրոք վերջն էր»,- պատմում է Մերին։

Հոկտեմբերի 15-ին ընտանիքը Վահանից վերջին հեռախոսազանգն է ստացել, ասել է՝ ուզում եմ ձագերիս տեսնեմ։ Երեխաների հետ խոսել է ու խնդրել մորը չբարկացնել, մինչև ինքը կգա։

kinn u erekhanery

«Էդ գիշեր երազ տեսա, որ ես ու տղես կանգնած էինք մեր խաչմերուկում, ու Վահանը, հրացանը ուսին, թրաշով, մեր կողքով անցավ, մեզ չտեսավ, հետո նստեց մեքենան։ Մեկին հարցրի՝ Վահա՞նն էր, ասեց՝ հա, մենք սկսեցինք իրա հետևից գոռալ, ու որ հետ դարձավ, իրա ոտքերի տեղում քարերն արյունոտվում էին։ Մենք իրա զոհվելու մանրամասները չգիտենք, ես ենթադրում եմ, որ վիրավոր ա եղել, օգնություն չեն տվել։

Երազիս երկրորդ մասում մենք մի հատ տանն էինք, ինքը սպիտակ էր ու թրաշված, փող էր բաժանում մեզ՝ էդ էլ իրա արյան գինն էր երևի․․․»- պատմում է կինը։

Հոկտեմբերի 16-ից մինչև հունվարի 7-ը Վահանն անհետ կորած է եղել, և ընտանիքը նրան փնտրել է բոլոր հնարավոր վայրերում։

«Երեխեքի հետ ամեն օր աղոթում էինք, ու երբ Վահանի մարմինը գտանք, երեխեքը սկսեցին Աստծուն մեղադրել, որ իրանց աղոթքները տեղ չհասան»։