«Իմ կյանքը կտրուկ փոխվեց, թե էդ ժամանակ 40 տարեկան էի, միանգամից դարձա 60 տարեկան». որդեկորույս մայրը՝ ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ՝ Վահե Բաղդասարյանի մասին

«Տղուս ամեն մի բառը հիշում եմ, ամեն անգամ զանգելուց արտասովոր ասում էր՝ ալոոո՜, ասում էի՝ ջանեեե՜։ Ասում էր՝ ի՞նչ կա, մամեսնյակ, երբեք էդ բառը չեմ մոռանա՝ մամեսնյակ»,- պատմում է 44-ամյա Ստելլա Բաղդասարյանը և հուզվում։

Ստելլան 44-օրյա պատերազմի երրորդ օրը կորցրել է որդուն՝ 20-ամյա Վահե Բաղդասարյանին։

Վահեն 2019-ին էր զորակոչվել բանակ, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտի և տուն վերադառնա։ Վեց ամիս Մատաղիսում է ծառայել, այնուհետև տեղափոխվել է Թալիշ, որտեղ էլ սեպտեմբերի 30-ին զոհվել է։

mayr u vordi

Մայրը հիշում է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։ Ցավով ընդգծում է՝ ուղիղ մեկ տարի է, որ որդու ձայնը չի լսել․ «Ինքը նոր էր պոստից իջել, զանգեց, մոտ մի ժամ խոսեցինք։ Մեր վերջին զանգն էր․․․»

Որդու զոհվելու մասին ընտանիքը տեղեկացել է հոկտեմբերի 4-ին, իսկ երեք օր անց զոհվածների ցուցակում եղել է նաև անուն, ազգանունը։

«Իմ կյանքը կտրուկ 90 աստիճանով փոխվեց։ Թե էդ ժամանակ 40 տարեկան էի, միանգամից դարձա 60 տարեկան՝ սպիտակած մազերով, ծանր հոգեկան վիճակով»։

Նոյեմբերի 30-ին որդու մարմինը գտնվում է, և հուղարկավորում են: Մայրը պատմում է, որ որդու մարմինը չեն տեսել, քանի որ դագաղը փակ է եղել: Հողին հանձնելուց 40 օր անց տեղեկանում են, որ ԴՆԹ-ն հաստատվել է։

«Պարզվեց, որ տղայիս գլուխը չի եղել, ԴՆԹ-ի պահով փորձաքննության տեղն է եղել, հետո մեզ հանձնեցին: 

Մի քիչ հանդարտվել էինք հուղարկավորությունից հետո, հետո նորից ԴՆԹ-ի զանգը, նորից հուղարկավորություն, նորից նույն ապրումները, նորից նույն վիշտը։ Ուղիղ մի տարի կործանվեցինք դաժան ձևով»: