Գիտե՞ք՝ ինչ էր սիրում ուտել Ավետիք Իսահակյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք պատմել է Վարպետի թոռը՝ Ավիկը
Ժամանակակիցներն ու հուշագիրները վկայում են, որ Վարպետի ջերմ և հյուրընկալ տունը միշտ լի էր հյուրերով, և մինչև ուշ գիշեր սեղանը չէր հավաքվում: Ավ.Իսահականի կինը՝ տիկին Սոֆին, և՛ հարսը` Իզաբելան պատրաստում էին բանաստեղծի սիրելի և նախընտրելի ուտելիքներն ու ըմպելիքները: Մսային կերակուրներից նա նախընտրում էր քյուֆթան: Իսահակյանը Փարիզում էր ճաշակել զեյթուն և շատ էր սիրում նաև սև զեյթուն: Նախընտրելի հացը հայկական լավաշն էր:

Պապիկի սիրելի ուտեստների մասին շատ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև Վարպետի թոռը` Ավիկը, ում պատանեկան հիշողության մեջ շատ լավ է տպավորվել այն, որ պապիկի ամենասիրելի ճաշը հավով և բրնձով փլավն էր, թանով ապուրը (սպասը), ոսպախաշուն, խավիծը, կաթնամթերքից` թարմ կաթի սերը:

Թխվածքներից սիրում էր «Շաքարչորակի» կոչվող թխվածքը։ Իսահակյաննների սեղանից անպակաս էր գաթան, կոնյակը և սուրճը:
Վարպետը առավոտյան սիրում էր ըմպել կաթով սուրճ կամ իր սիրելի Շիրակ աշխարհի անուշաբույր խոտաբույսերով պատրաստված թեյ: Իսկ ամռանը և աշնանը, երբ հասուն և համեղ մրգերի մեծ բազմազանություն կար, Վարպետը սիրում էր ճաշից հետո սառը ձմերուկ ուտել:
Ընտանիքի սիրելի ուտեստներից է եղել նաև հայկական ավանդական հարիսան, որ շատ համեղ պատրաստում էր տիկին Սոֆին, որը ինչպես Վարպետի, այնպես էլ շատերի սիրելի կերակուրն էր: