Չկա չարիք առանց բարիք․ ինչպե՞ս քուրդը փրկեց ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱԴԻՎԱՆՔ եկեղեցու որմնանկարները

1960-ական թվականներին Դադիվանքում բնակվում էր մի քուրդ հովիվ՝ իր ծնողների, կնոջ և երեխաների հետ։ Քարվաճառի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է, որ նրան տվել էին ոչխարներ, կովեր, ձիեր, ավանակներ, և ամբողջ վանահամալիրը վերածվել էր գոմի։

Քուրդ հովիվը առաջին հերթին մտածել էր երեխաների անվտանգության մասին։ Նա քանդել էր երկրորդ հարկ տանող աստիճանը, որպեսզի երեխաները չբարձրանան և չընկնեն այնտեղից։ Տաքանալու համար ընտանիքը ամեն երեկո խարույկ էր վառում տաճարի կենտրոնում։

vanq

Այդ 8-10 տարիների ընթացքում, երբ այդ ընտանիքը ապրում էր վանքում, նրանց խարույկի պատճառով վանքի պատերը մոխրացել էին։ Որմնանկարներն ու որմնազարդերը ամբողջությամբ պատվել էին մրով։ Այդ ժամանակ, իհարկե, վատ էր, որ նրանք վնասել էին վանքի պատերը, սակայն դա ուներ մեկ լավ կողմ։

Քանի որ հովիվը այդ տարածքին վերաբերում էր ինչպես իր սեփական տանը, այդպես նա չարագործներից պաշտպանում էր համալիրը։ Բացի այդ, մոխրի տակ գտնվող անգին որմնանկարներն ու գրությունները խնամքով թաքցված էին թշնամու աչքից։

vormnaqar

Հետագայում, միջոցներ ձեռնարկվեցին վանքի պատերը մրից մաքրելու համար այնպես, որ որմնանկարները չվնասվեն։ Մասնագետներ են հրավիրվել Իտալիայից, և նրանք այդ աշխատանքը 36 հազար դոլար  են գնահատել: Բարեբախտաբար, բարերարների և պետության շնորհիվ հաջողվեց հավաքել այդ գումարը և վերականգնել 720 տարի առաջ ստեղծված որմնանկարները: