«Առաջին կնոջիցս բաժանվեցի, բայց հետո կրկին պիտի ամուսնանայի». ինչու՞ ՍԱՐՈՅԱՆԸ 2 անգամ ամուսնացավ նույն կնոջ հետ

«Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան»․ Միացյալ Նահանգներում ծնված ու ապրած աշխարհահռչակ ամերիկահայ գրողի՝ Վիլյամ Սարոյանի պատգամն էր սա։ Նա հայերեն չէր գրում, բայց հայ էր իր ամբողջ էությամբ, հայ էին աշխարհին հայտնի նրա ստեղծագործությունների հերոսները։

1935թ․-ից հետո Սարոյանը 4 անգամ եղել է հայրենիքում՝ Խորհրդային Հայաստանում։ Պատմում են, որ այստեղ նա սիրում էր լինել ամենուր, շփվել հասարակ մարդկանց հետ, որոնք էլ հաճախ դառնում էին նրա պատմվածքների հերոսները:

Մի անգամ նրանց հարցնում են՝ գիտե՞ն արդյոք Ամերիկայում, որ նրա հերոսները հայեր են: «Չեմ գիտեր, բայց լավ գիտեն, որ ես եմ հայ, միշտ կհիշեն, որովհետև չեմ թողուր, որ մոռնան․․․Ժամանակին քննադատները կմեղադրեին ինձի, կսեին՝ սենտիմենտալ է․․․Ծո, ձեր ինչ գործ, թե ինչ եմ, հայ եմ ու սենտիմենտալ։ Այդ կրիտիկներեն մեկը օր մը հարց տվավ ինձի՝ ձեր ազգանուն ինչի չեք փոխած։ Դե լսե ըսի՝ Սա-րո-յան՝ ասկե անուշ ազգանուն ուրկե՞ պիտի գտնայի․․․»,-պատասխանել է Սարոյանը։

Ընտանիքի հանդեպ նրա վերաբերմունքն էլ յուրահատուկ էր ինչպես ինքն ու իր ստեղծագործություններն են։ Ահա հատված մի հարցազրույցից։

-Երկու անգամ ամուսնացա։

-Առաջին կնոջից քանի՞ երեխա ունեք։

-Երկու։

-Իսկ երկրորդի՞ց։

-Երկու։

-Չո՞րս զավակ ունեք։

-Չէ, երկու։

-Ինչպե՞ս։

-Երկրորդ անգամ դարձյալ առաջին կնոջս հետ ամուսնացա։ Երբ երկրորդ անգամ ուզեցի ամուսնանալ, խորհեցա՝ առաջին կնոջմես աղեկ կին որտեղե՞ն պիտի գտնեմ․․․ու նորեն անոր հետ ամուսնացա։