Գիտե՞ք՝ ինչ էր ասել Ավետիք Իսահակյանը Համո Սահյանի կնոջը. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը քչերին է հայտնի

Այդ պատմությունը պատմել է Համո Սահյանը, որը կարող եք կարդալ ստորև:
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ «Ազգային…»։

Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»…
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.

–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը…

Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր… Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է… Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։