Իրանի տարածքում գտնվող այս հայկական վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ․ ահա թե ո՞ր վանքի մասին է խոսքը

Սուրբ Ստեփանոս վանքը, որը նաև հայտնի է Մաղարդավանք անվանումով, կառուցվել է 9-րդ դարում հայկական Դարաշամբ բնակատեղիի մոտակայքում։

Ըստ վկայությունների վանքը կառուցվել է Բարդուղիմեոս առաքյալի կողմից։ XIII– XIV դարերում վանքը հայտնի մշակութային կենտրոն է եղել, 1332 թվականին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։ 1331 թվականին գրված «Նարեկի» հիշատակարանում վանքն անվանվում է «մեծ ու հռչակավոր»։ Իսկ արդեն XVI դարում վանքը խարխուլ է եղել, 1589 թվականին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631 թվականին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օգնել պահպանել այս կարևոր հոգևոր կենտրոնը։


Սուրբ Ստեփանոս եկեղեցին այս վերանորոգումից հետո բազմիցս ենթարկվել է նորոգման։ Իսկ 1828 թվականին, երբ կնքվում է Թուրքմենչայի պայմանագիրը ու Արաքս գետը դառնում է ռուս-պարսկական սահման, վանքը կորցնում է իր Նախիջևանի ու Գողթնի թեմերը, իսկ Ատրպատականից հայերի արտագաղթից հետո՝ զրկվում է եկամուտներից, փակվում է դպրոցը, գրադարանի ձեռագրերը փոխադրվում են Էջմիածնի մատենադարան։

Սուրբ Ստեփանոս վանքի բազմաթիվ և բազմազան պատկերաքանդակները դասվում են ուշ միջնադարի հայկական արվեստի գլուխգործոցների շարքին։

2008 թվականին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։