Րաֆֆիին հրավիրում են «Ջալալեդդին» կարդալու՝ առանց իմանալու, հենց ինքն է հեղինակը․ միայն իմանաք, թե ի՞նչ է անում գրողը

Րաֆֆիի կյանքը լի է եղել ինչպես տխուր, այնպես էլ ուրախ դեպքերով։ Այս պատմությունները մեզ հնարավորություն են տալիս բացահայտելու Մեծ գրողին։
Այս պատմությունն էլ մեզ ցույց է տալիս գրողի հոգատարությունն ու նվիրվածությունը ժողովրդին։

Պատմում են, որ մի անգամ Ագուլիսի ճանապարհին` նեղ կիրճով անցնելիս, Րաֆֆու առաջն են կտրում երկու զինված երիտասարդներ և հարցուփորձ անելով ու իմանալով, որ ուսուցիչ է, պահանջում են հետևել իրենց: Նրանք Րաֆֆուն տանում են ճանապարհի կողքին ընկած լեռնային փոքրիկ մի գյուղ: Երբ մտնում են գյուղի կենտրոնում գտնվող մի տուն, նա տեսնում է, որ օդայում՝ ճրագի աղոտ լույսի տակ, հավաքվել էին քսան — երեսուն մարդ՝ տարեց ու երիտասարդ, և լսում էին գրքի բառերը հազիվ հեգող տիրացուին:

Րաֆֆուն առաջարկում են կարդալ մաշված կազմով հնամաշ այդ գիրքը, որի կազմի վրա հազիվ երևում էր վերնադիրը՝ «Ջալալեդդին»:

Շուտով մարդիկ նկատում են, որ անծանոթ մարդը շատ տեղեր գրքին չի էլ նայում և շատ վարժ ու արտահայտիչ կարդում է: Լուսադեմին, երբ վերջացրել էին գրքի ընթերցումը, տանտերը այն երկու երիտասարդներին պատվիրում է ուսուցչին բեռ ու բարձով ուղեկցել մինչև նրա ուզած տեղը: Որոշ ժամանակ անց նրանք իմանում են, որ այնպես վարժ ու արտահայտիչ կարդացող ուսուցիչը հենց ինքը Րաֆֆին է՝ «Ջալալեդդին» — ի հեղինակը: