ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բակունցի մայրը հարսին անվանեց մուրացկան, բայց հետո ուշագնաց եղավ. դաժան պատմություն գրողի կյանքից

Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։ 1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարվառան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։

Հայաստան վերադառնալով՝ Վարվառա Բակունցը շտապեց Գորիս` ցանկանալով ամուսնու ծնողների մոտ գտնել որդուն։ Սկեսրայրն այդ ժամանակ արդեն մահացած էր։ Նիհար, պատառոտված հագուստով նա մոտեցավ ամուսնու հայրական տանը։ Բոխչագյուլը՝ Բակունցի մայրը, այդ պահին ծառից խնձոր էր հավաքում։ Նա անծանոթուհուն հերթական մուրացկանի տեղ դրեց։