ԽՍՀՄ-ը պարտական է այս ՀԱՅ ԲԺՇԿԻՆ. ինչպե՞ս նա պատերազմի դաշտից փրկեց ավելի քան 300 վիրավորի ու զոհվեց՝ սեփական մարմնով փակելով հրամանատրին

Սերգեյ Գրիգորյանը՝ մանկավարժական ինստիտուտի հասարակ ուսանողը, ով պատերազմի ժամանակ փրկեց տասնյակ կյանքեր: 

Ռազմաճակատը բժիշկների կարիք ուներ։ Բայց Սերգեյը բժշկական ուսումնարանում ուսումը շարունակեց ևս մեկ տարի. 1942թ.-ի տագնապալի աշնանը բուժեղբայր Սերգեյ Գրիգորյանը՝ կոչումով կրտսեր լեյտենանտ, ուղարկվեց գործող բանակ։ Նրան նշանակեցին Տափաստանային ճակատի օդային-դեսանտային դիվիզիայի սանիտարական դասակի հրամանատար։

Քանի հազար վիրավորների է մարտի դաշտից հետ բերել այդ դասակը,  ու քանի հարազատ է հետագայում նրանց ողջ կյանքում շնորհակալ եղել: 1943թ.-ի ամռան վերջին և աշնան սկզբին Գրիգորյանը պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի շքանշաններով, «Արիության համար» մեդալով։

Նա ասես զգացել է, որ չի վերադառնա այդ պատերազմից, ինչպես գրել է հազվադեպ տուն ուղարկած նամակներում։ 

1943թ.-ի հոկտեմբերի սկզբին մարտեր են ընթացել Դնեպրի աջ ափին, տեղի գյուղերից մեկից ոչ հեռու գտնվող կարևոր տարածքի համար։ Մի քանի օրում դասակը` Գրիգորյանի հրամանատարությամբ, մարտի դաշտից դուրս է բերել ավելի քան երեք հարյուր վիրավորների. նա անձամբ դուրս է բերել քառասուն հոգու, ընդ որում, զենքի հետ միասին, որպեսզի թշնամուն բաժին չընկնի։ Փորձիր քաշելով դուրս բերել ծանր վիրավորին` այն էլ զենքով, և այդպես երկու օրում քառասուն անգամ:

Գումարտակը սակայն հայտնվում է շրջափակման մեջ: Մի քանի ժամ տևած պայքարից հետո նրանց հաջողվում է դուրս գալ, սակայն շատերը ծանր վիրավոր էին, իսկ լեյտենանտ Գրիգորյանը` իր մարմնով ծածկելով հրամանատարին, մահացու վիրավորվել էր։ Նրա շիրիմը գտնվում է Անովկա գյուղի մոտ՝ Դնեպրի ափին։

Իսկ Հերոսի աստղը և Լենինի շքանշանը դեկտեմբերին նրա փոխարեն ստացել է հայրը, Վրաստանի Տետրի Ցկարո գյուղում։