ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍ Յուրա Հարությունյանի շարադրությունը. մի՞թե սերժանտը կանխազգացել էր պատերազմը ընդամենը 5-րդ դասարանում
Թվում է, թե սա ինչ-որ հորինված պատմություն է կամ որևէ ֆիլմի սցենար… բայց, դժբախտաբար, սա դառը ու դաժան իրականություն է:
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Յուրա Հարությունյանը ընդամենը 5-րդ դասարանում գրել էր մի շարադրություն, որտեղ խոսում էր գալիք պատերազմի և դրա հետևանքների մասին: Դժվար է ասել՝ հերոսը կանխազգացե՞լ է սարսափազդու պատերազմը, թե՞ սա պարզապես վատ համընկում է:

Դպրոցական շարադրությունը Յուրան վերնագրել է «Պայքար է»: Իսկ շարադրության բովանդակությունը հետևյալն է. «Մի օր թուրքերը կռվի էին եկել հայերի դեմ: Հայերը պայքարում էին հանուն հաղթանակի, հանուն հայերի: Մենք պայքարեցինք եւ չկարոցանք հաղթել եւ նրանք մեզնից հազարավոր գերիներ վերցրեցին: Եվ այդ օրվանից էլ մենք դարձանք շատ քիչ հայեր»:
Յուրայի քույրը՝ Նինա Հարությունյանն ասում է, որ միայն հիմա՝ պատերազմից մեկ տարի անց են հետաքրքիր տողեր գտնում եղբոր դպրոցական տարիների շարադրություններում. «Կարծում եմ՝ ամեն 5-րդ դասարանի երեխա չէ, որ այդպիսի մտքեր կունենար»:

Յուրա Հարությունյանը ծնվել է 2001 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 2019 թվականի հուլիսի 5-ին Յուրան մեկնել է բանակ:
6 ամիս ծառայելով Գյումրու մասնագիտացած զորամասում՝ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Գյումրի քաղաքում հասցրել է երկու կրծքանշան ստանալ։ Այնուհետև, մեկնել է Արցախ՝ ծառայությունը շարունակելու: Արցախում 3 ամիս ծառայելուց հետո՝ սերժանտի կոչում եւ ևս երկու կրծքանշան է ստացել:
Կռվել է Վարանդայում, Ջրականում, Հադրութում և Մարտունիում: Պատերազմի 33-րդ օրը՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, հերոսաբար ընկել է Մարտունիում։ Հերթական տագնապի ժամանակ, երբ բոլորը տեղավորվում էին դիրքերում, մինչ մեքենայով կհասնեին անհրաժեշտ կետը՝ ԱԹՍ-ն հարվածում է մեքենային…
Սերժանտ Յուրա Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հավերժ փառք ու խոնարհում մերօրյա բոլոր հերոսներին: