«Զոհվեց՝ կրակի տակից հանելով զինվոր ընկերերին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Առնոլդին

Առնոլդ Սամվելի Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2019 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարան՝ Սոցիալական աշխատանք բաժին:

Հայոց բանակ զորակոչվել է մեկ տարի անց՝ 2020 թվականին: Ծառայել է Ջրականի զորամասում: Եղել է հակատանկային դասակի «ՖԱԳՈՏ» ջոկի օպերատոր: Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է թեժ մարտերին: Իր հինգ զինակիցների հետ խոցել է երկու տասնյակից ավելի զրահատեխնիկա, փոխադրամիջոցներ, հետևակ:

Կրակի տակ դուրս է բերել զոհված և վիրավոր ընկերներին, վերջին մարտը մղել է հոկտեմբերի 2-ին դիվերսիոն խմբի դեմ:

Ինքնությունը հաստատվել է ավելի քան մեկ տարի անց ԴՆԹ-ի թեստի միջոցով, մինչ այդ հարազատները հավատով սպասել են, որ գուցե մի օր տուն վերադառնա, բայց ավաղ…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...