«Ամենաակտիվներից էր, նույնիսկ կարողացել է թշնամու ռազմաբազա ոչնչացնել». ՀԵՐՈՍ ՍԱՐԻԲԵԿԻ տուն վերադառնալուն բան չէր մնացել

Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում։ Սովորել է տեղի թիվ 19 դպրոցում, հետո ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ։

Տաղանդավոր դհոլահար էր, դեռ ընդամենը 6 տարեկան էր, երբ սկսեց նվագել «Վահագն» դհոլահարների անսամբլում։ Այնքան երազանքներ ու նպատակներ ուներ։ Ուզում էր իր անձնական ձայնագրման ստուդիան բացել…

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականի հունվարին՝ կիսատ թողնելով քոլեջի վերջին կուրսը։ Ծառայում էր Կապանում, պիտի լիներ մուզզվոդում, բայց դարձավ հրետանավոր։

1 տարվա ընթացքում հասցրել էր ունենալ հաշվարկի հրամանատարի և կրտսեր սերժանտի կոչումները։ Շատ լավ էր անցնում ծառայությունը, ընդամենը 4 ամիս, ու Սարիբեկը կվերադառնար տուն, բայց …

Սեպտեմբերի 7-ին մեկնել էին Ջրական՝ զորավարժոթյունների։ Այնտեղ էր, երբ սկսվեց պատերազմը, ու հենց առաջին իսկ օրից մասնակցեց թեժ մարտերին:

Զինակից ընկերներն ասում են, որ Սարոն ամենաակտիվներից էր, նույնիսկ կարողացել է թշնամու ռազմաբազա ոչնչացնել։ Բան չէր մնացել, հունվարի 26-ին պետք է տուն գար, բայց սեպտեմբերի 30-ին զոհվեց… զոհվեց՝ կյանքը չխնայելով հանուն իր Հայրենիքի:

Կապանի զորամասում հունվարի 28-ին խաչքար տեղադրեցին 28 զոհված հերոսների պատվին, որոնցից մեկն էլ Սարոն էր։ Այդ օրն էլ պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...