«Մի ամբողջ թուրքական վաշտ ընկել էր սպեցնազի ՎԱՀԱԳՆԻ հետևից, որ գտնի նրան». կարդա՛ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ պատմությունը, ով կարողացավ հետ վերցնել ՕՄԱՐԻ բարձունքը

Զինվորներից մեկը տիկին Սիմային պատմել է, թե ինչպես են իրենք 100 հոգով մնացել առանց հրամանատար ու չեն իմացել ինչ անել։ Այդ ժամանակ նրանց ռացիայով կապ են տվել ու հայտնել, որ իրենց մոտենում է Վահագն Ասատրյանի ջոկատը։ Տղաներն ուրախությունից պարել են, որովհետև գիտեին, որ փրկվել են։

«Հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք»,-սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է, որը մայրը լսում է որդու շիրիմի մոտ։

Զինվորականները պատմում են, որ յուրաքանչյուր գրոհի ժամանակ Վահագնը գոռում էր ռացիայով. «Սպեցնա՛զ, առա՛ջ…»: Այդ ձայնը ռացիայով լսում էին բոլորը։ Վահագնի օգնությանն էին դիմում նաև այլ բարձրաստիճան հրամանատարներ։

Գնդապետ Վահագն Ասատրյանն իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված և ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: 

Վահագն Ասատրյանն ավարտել է 5 ռազմական բուհ: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, սկսվել է Վահագնի երկարամյա ծառայությունը հայոց բանակում:

Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին եղավ տանը

Բոլորը գիտեին, որ Վահագնը անձամբ է գնում հետախուզության։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ամբողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։ Ասում էր, որ պատերազմն անխուսափելի է, իսկ իր տեղը վստահաբար էնտեղ ա, ամենաթեժ կետերում:

Ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ էին արել Օմարի լեռները բարձրանալու համար։ Նրանց հաջողվել էր վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, որից հետո հայ զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց ո՛չ սնունդ, ո՛չ զենք էր հասնում։

Գնդապետ Ասատրյանը կարողանում է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին հանել այդ վիճակից։ Մղված մարտերում զոհվում է զինվորներից մեկը։

«Զանգեց, ասեց՝ մամ, դիրքը հետ վերցրի, բայց Խաչատուրիս գնով։ Նա այդ դիրքը Խաչատուրի անունով էր կոչել:

Օմարից հետո 250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում շրջափակման մեջ է ընկնում: Գնդապետն անում է անհնարինը։ Չնայած թշնամու մեծաթիվ զինտեխնիկային ու մարդկային ուժին, կարողանում է մոլորեցնել նրանց` տպավորություն ստեղծելով, թե մեծաքանակ զորք կա այդտեղ։

Չունենալով հրետանի, ձեռքի նռնականետերով ու սովորական ավտոմատներով Վահագն Ասատրյանը 250 հոգանոց զորքին դուրս է բերում շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։

Տիկին Սիման վերջին անգամ որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։

Հեռախոսազանգին նախորդում է գնդապետի ավագ որդուն՝ Վահեին ուղղված հաղորդագրությունը, որում Վահագնը նշում է, որ որդին բավականաչափ մեծ է`արդեն տղամարդ է ու անհրաժեշտության դեպքում պետք է հոգ տանի մոր ու փոքր եղբոր մասին։

Ասատրյանին ճանաչողները, իր հետ կռվածներն այն կարծիքին են, որ եթե գնդապետը ողջ լիներ, պատերազմի ելքն այլ կլիներ: Վահագն Ասատրյանի մահվանից մեկ օր հետո Հադրութն ընկավ։