Այս ՀԱՅԸ հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում էր թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, ականավոր հայազգի նկարիչ Վարդգես Հակոբի Սուրենյանցի մասին է՝ ծնված 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։

Vardkes.png

Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Հենց Մյունխենում էլ ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։

Սուրենյանցը տիրապետել է տասը լեզուների: Լեզուներ իմանալու շնորհիվ՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենյանցն ի ր կտավներում ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։

«Ոտնահարված սրբություն»

Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։

Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։

Պարսկաստան կատարած գիտարշավի տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը անթիվ զարդանախշերի հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ և դիմանկաներ։

Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։