Եռաբլուրում մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ կողքին հանգչում է նաև այս ՀԱՅՈՒՀԻՆ. գիտե՞ք, թե ով է ՆԱ

Նունե Աբրահամյանը ծնվել է 1966 թվականին: Նրա մայրը Լիդա Աբրահամյանն էր, իսկ հորը Նունեն գրեթե չի հիշում: Նա կյանքից հեռացել է ավտովթարի պատճառով ընդամենը 28 տարեկանում, երբ Նունեն 2 տարեկան էր: Մայրը 3 երեխաներին մեծ նվիրումով մեծացրել է, սակայն Նունեի եղբայրն ու քույրը Հայաստանից գնում են, իսկ աղջիկը բախտը հավերճ կապում է իր սիրելի հայրենիքի հետ:

Նունեն մանկուց շատ էր սիրում մարզվել, ինչը նրան տարավ նետաձգության աշխարհ: Աղջիկն ընդունվեց «Սպարտակ» կամավոր մարզական ընկերության նետաձգության խումբը: Նա շատ կարճ ժամանակամիջոցում ընդգրկվեց հավաքականի կազմում, դարձավ հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր:

1988 թվականի երկրաշարժը անտարբեր չթողեց հայուհուն: Նա անդամագրվեց Կարմիր Խաչին և օգնում էր հաշմանդամներին, իսկ 1990 թվականից աշխատում էր վերականգնողական թերապիայի ինստիտուտի Կարմիր Խաչի բաժանմունքում, որտեղ օրեցօր ավելանում էին վիրավոր ազատամարտիկները:

Ավելի ուշ Նունեն հասկացավ, որ իր տեղի հենց Արցախում է: Պատերազմի թեժ պահերին անգամ քաջ հայուհին ուշադրություն չէր դարձնում հակառակորդի կրակին և իրեն կրակի տակ նետելով փրկում էր հազարավոր վիրավոր ազամարտիկների կյանքեր: Սակայն այսպիսի ռիսկային օգնություններից մեկի ժամանակ Նունեն վիրավորվում է ձեռքից: Բայց դա ևս նրան չի կանգնեցնում ու նա շարունակում է իր գործը:

Ցավոք, երկրորդ անգամ արդեն Նունեն վիրավորում է ստանում կրծքի հատվածում: Մարտական ընկերները շատ արագ նրան դուրս են բերում մարտի դաշտից և փորձում են առաջին բուժօգնություն ցույց տալ: Սակայն ամաչկոտ հայուհին թույլ չի տալիս, որ բացեն կուրծքն ու վիրահատեն: Նրան ուղղաթիռով տեղափոխում են հիվանդանոց, արագ վիրահատում են, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Նա արդեն իսկ շատ արյուն էր կորցրել:

Նունե Աբրահամյանը զոհվեց հանուն հայրենիքի 1994 թվականի հունվարի 30-ին: Նա հասցրեց ընդամենը ապրել 28 գարուն, ինչպես և իր հայրիկը: Քաջ հայուհու մարմինը հանգչում է Եռաբլուրում՝ մեր հերոսների կողքին: Նրան հուղարկավորել են ազատամարտիկին վայել հանդիսավորությամբ, զինվորական հագուստով, եռագույնի ներքո: