Հիշու՞մ եք` ինչպես էին 80-ականներին թաղի տղերքը հարց լուծում ու որտեղի՞ց է գալիս ԵՐԵՎԱՆՅԱՆ «ՉԱՓԱԼԱԽԻ» պատմությունը

1970-80 թվականների Երևանն ուներ հատուկ ոգի, վարքի չգրված օրենսգիրք ու կենսակերպ։ Խոսքը հասարակության պահվածքի ամենօրյա նրբությունների մասին է, որոնք բոլորին էին հայտնի:

1970 թվականների երևանցի պատանու ցերեկային ժամերը հավասարապես երկու մասի էին բաժանվում` դպրոցում ու բակում անցկացրած ժամեր։

Աղոտ եմ հիշում թաղային կռիվները (ինքս չեմ հասցրել մասնակցել դրանց, որոնք հիմա պատմություն են դարձել), լավ եմ հիշում կլյոշ տաբատները (ինքս էլ եմ ունեցել), մեկ էլ այն, որ ես «Հրազդան» մարզադաշտում հավաքվող 75 հազար մարդկանցից մեկն էի։ Որպեսզի այսօրվա երիտասարդներին ավելի հասկանալի լինի, ասեմ` մանգոյի գոյության մասին մենք գիտեինք հնդկական հյութերից, որոնք մեր հայրերը Մոսկվայից էին բերում։ 

Սովորաբար եթե որևէ մեկը որոշում էր քո բակի աղջկան օգնել, որ  պայուսակը տուն հասցնի, նրան զգուշացնում էին` պայուսակը բեր, բայց մտքովդ չանցնի նեղացնել աղջկան։ Խոսքից խոսք էր բացվում, ու սկսվում էր: Սկզբում բռունցք էին ցույց տալիս, հենց բանը հասնում էր առաջին արյանը, կռիվն ավարտվում էր։ Հետո ընկերություն էին անում։

Ընդհանրապես ամեն բակը սեփական տարածք թողնելու իր չափորոշիչներն ուներ։ Համարյա մինչև վերջ գնա Թումանյանով, հասիր Ալավերդյան, հետո դեպի աջ ու արագ– արագ անցիր բակի միջով, մտիր դալան ու դուրս կգաս փողոց։ Իսկ ինչու՞ էր պետք անցնել բակով ու այն էլ այդքան արագ–արագ։ «Բոքսի հայաթում» չարժեր կանգ առնել։ Անցնում ես անցի, իսկ կանգնել ու շուրջը նայել խորհուրդ չէր տրվում։ Այստեղ օտարներին չէին սիրում։ Ի՞նչ արած։ Իսկ այլ բակերում մոտքն ավելի ազատ էր, թեև ոչ մի տեղ էլ հնարավոր չէր չափերն անցնել։ Ի դեպ, բակային կռիվների ժամանակ անմիջական հարևանների հետ համարյա չէին կռվում, նրանք յուրային էին համարվում։

Սկզբում խոսում էին։ Այդ գործողության նպատակն այն չէր, որ պարզվեր` ով է ճիշտ, ով` սխալ, այլ հակառակորդին տարատեսակ իրավիճակային ու բառային ծուղակների մեջ գցելը։ Այդ մրցման մեջ պարտվողը սովորաբար ապտակ էր ստանում։ Դրան պետք էր պատասխանել, թե չէ խայտառակ կլինեիր։

Ապտակը կարող էր լրջանալ, բայց ինչպես արդեն ասացի, կռիվը վերջանում էր առաջին արյան հետ, իսկ երբեմն պատասխան չափալախից հետո արդեն բաժանվում էին։ Պարտված մրցակցի վրա սովորաբար չէին ծիծաղում, լուռ հեռանում էին. արդար մարտում հաղթելը բավական էր ինքնահաստատման համար։

Մեջքի հետևում չարախոսելը շատ խիստ էր պատժվում։ Ներում–բեկում չկար։ Ասեմ ավելին` դրանից ամոթալի բան չկար։ Բռնվողը չափալախով չէր պրծնում, այ նրանց կարող էին ավելի լուրջ ծեծել, քանի որ նման պահվածքը գնահատվում էր որպես վախկոտության գագաթնակետ. Ուրեմն «դուխդ» չի հերիքել, որ մարդու երեսին ասես մտածածդ։