Հայաստանի միակ կին կոշկակարը․ նա կարծրատիպեր է կոտրում

Հայ կնոջ ուժն ու համարձակությունը փաստում է մեր բազմադարյան պատմությունը։ Հայտնի են բազում դրվագներ, երբ կինը մարտնչել է տղամարդու կողքին ինչպես հավասարը հավասարի, պայքարել իր տան ու հայրենիքի համար։ Հայ կնոջ մասին կարելի է ասել լեգենդներ են պտտվում։ Քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ կինը աշխատում է այն մասնագիտությամբ, որն ի վերուստ տղամարդկանց է տրված եղել։

Գայանե Համբարյանը Երևանի միակ կին կոշկակարն է։ Նրա գեղեցիկ ձեռքերը պատված են մեծ կոշտուկներով ու այդ ամենի միակ պատճառն այն է, որ նա առավոտից մինչև երեկո աշխատում է իր փոքրիկ տնակում ու շնչում է սոսնձի հոտը։ Բայց դա նրան չի կանգնեցնում։ Նա պայքարող կնոջ կերպար է։ Համբարյանը կոտրում է այն կարծրատիպը, որ կոշկակարությունը զուտ  տղամարդու զբաղմունք է։

Նա, ինչպես ընդունված է ասել այս միջավայրում, թեթև ու մաքուր ձեռք ունի. երբեք չի ուշացնում պատվերները, նույնիսկ եթե դրանք շատ են։ Եթե պետք է ինչ-որ բան կարկատել, կպցնել, փոխել, մի խոսքով՝ նոր կյանք տալ կոշկին, շրջապատում բոլորը վազում են Գայանեի մոտ։ Կարելի է ասել․ որ արդեն նրան բոլորն են ճանաչում»։ Գայանեն մեծ ընտանիք ունի՝ երեք երեխա ու հինգ թոռ։