Նա մահացավ իբրև ազնիվ հայրենասեր՝ հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին. գիտե՞ք՝ որ ՀԱՅԻ մասին է նման խոսքեր ասել Վ. Նորենցը

… Նա դարձավ սփյուռքի հայության ամենաճանաչված բանաստեղծը, նրա դառն օրերի ողբասացը, նրա ծանր ապրումների և հույսերի երգիչը և մահացավ իբրև ազնիվ հայրենասեր՝ հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին։

Վաղարշակ Նորենցի այս խոսքերը հայ մեծանուն գրող Վահան Թեքեյանի մասին են, ում ստեղծագործությունները իրենց կարևոր տեղն ունեն հայ բանաստեղծության հարուստ աշխարհում:

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։

1896 թվականին որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։

Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։

Հանդես է եկել մի շարք ծածկանուններով՝ Ա,,,; Ասպատակ; Ասուպ; Բ.Կ.Մ.; Բիկմալիոն; Գիսաստղ; Խորեն Որոտում; Հ.Գ.; Համշիրակ, Բ.; Հայր Վարդան; Հովհաննես-Կարապետ; Հովյան, Իսկուհի; Նշան Հարցական; Պում; Սկայորդի; Վ.; Վ.Թ.; Վ.Տ.; Վեթո (Վե-Թո) Տաթ.; Տիրանյան, Սուրեն; Տիրանյան, Վ.; Տիրանյան, Վահան[1]։

Վախճանվել է 1945 թ. ապրիլի 4–ին, առավոտյան ժամը 4.30-ին, Կահիրեի Հելիոպոլիս թաղամասում իր վարձած սենյակում: Ցավոք, Վահանը երբևէ ընտանիք չի կազմել ու տուն չի ունեցել:

Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։