«Գուցե եթե քնած չլիներ, այլ կերպ կդասավորվեր, ողջ կմնար, կապրեր». բոլորիս հայտնի ՀԵՐՈՍ Տիգրանը

Տիգրան Հարությունյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 7-ին: Ապրել և մեծացել է մոր, տատի ու պապի հետ: Մանկուց դեռ շատ երազանքներ ուներ, որոնցից թերևս ամենակարևորը մոր համար իր երազած մեծ տունը կառուցելն էր:

Նպատակասլաց էր: Դեռ ընդամենը 14 տարեկան էր, որ սկսեց ուսմանը զուգահեռ աշխատել: Աշխատել է տարբեր ոլորտներում։

Սովորել է 88 միջնակարգ դպրոցում, այնուհետև պարարվեստի քոլեջում։ Զուգահեռ հաճախել է պարի, այնուհետև ընդունվել կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ։

Իր գեղեցիկ և յուրահատուկ արտաքինի շնորհիվ նրան շատ էին նկատում ու հրավիրում նկարահանումների: Նկարահանվել է բազմաթիվ տեսահոլովակներում, սերիալներում, գովազդներում։ Այդ տարիքում այդքան ճանաչված էր, բայց շատ համեստ էր։

Հայոց բանակ զորակոչվել է ինստիտուտն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 23-ին: Պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է թեժ մարտերին, իրեն դրսևորել է որպես քաջ, պատասխանատու մարտիկ։ Հրամանատարական կազմն ապշած է եղել Տիգրանի մտքի թռիչքի վրա և նրանց հետ հավասար կառավարել է մարտը։

Հոկտեմբերի 10-ը ճակատագրական եղավ Տիգրանի համար: Նա Հադրութում էր, դեպքի պահին քնած է եղել։ Գուցե եթե քնած չլիներ, այլ կերպ կդասավորվեր, ողջ կմնար, կապրեր…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...