Հերոս Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը․ «ամսի ութն էր, մի բան զգում էր կարծես… Որոշել էր հերթով բոլորիս զանգել ու հրաժեշտ տալ…»

«Մի մեծ ճրագ մարեց մեր գերդաստանի հոգու ու սրտի փոքրիկ տնակում… Դու այլևս չկաս..Իմ լուսավոր հերոս Արման…»,- այսպես են հերոսի մասին խոսում ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Նա 20 տարեկանում հասցրել էր երեք դիպլոմ ստանալ։

Մի օր տատին ասել է․ «Տատ հորքուրս քառասուն տարեկանում չորս դիպլոմ ունի, ես 20-ում՝ երեք: Հաստատ մինչև 40 էլի կունենամ: Նենց որ ինձնով ավելի շատ պիտի հպարտանաս»: Ամեն ինչ ուզում էր հասցնել։ Ծնողները պատմում են, որ շատ էր շտապում, թե ուր, իրենք էլ չէինք հասկանում…

Արմանը 2,5 տարի սովորեց Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանում և արդյունքում ստացավ սպայի կոչում։ Երբ պատերազմը սկսվել էր, խոսել էր ընտանիքի հետ․

«Գնում եմ.. Բոլորս հանգիստ էինք ու չէինք գիտակցում, թե պատերազմ է։ Այդ օրվանից մեր օդն ու ջուրը դարձավ, մեր տրամադրության որոշիչը դարձավ: Արմանի յուրաքանչյուր զանգից կյանքի մի նոր փուլ էինք մտնում: Ու էդպես երկու շաբաթ մենք Արմանով էինք ապրում, ինքը՝ մեզնով։ Ամսի ութն էր, մի բան զգում էր կարծես… Որոշել էր հերթով բոլորիս զանգել ու հրաժեշտ տալ…

Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը, ամսի ինի առավոտյան։ Դրանից մի քանի օր առաջ էլ ասել էր. « Մամ ստեղ շատ դուխով հոպարներ են եկել, էնքան լավն են, սաղ լավ ա, հանգիստ եղեք»: Իսկ հենց այդ օրը, երբ վերջին անգամ խոսել է մոր հետ ասել է․ «Մամ ջան դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք»: Այդ պահից ի վեր ընտանիքը կորցրեց կապը հերոսի հետ։