Հորեղբոր անունը կրող ՀԵՐՈՍ Արթուր Գասպարյանը նույն ճակատագրին արժանացավ և զոհվեց նույն տարիքում. Ճանաչե՛ք մեր քաջ հայորդիներին

Արթուր Գասպարյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր, ժամկետային զինծառայության մեջ էր, երբ սկսվել է պատերազմը։ Քույրը՝ Լիլյա Սարգսյանն ասում է՝ սկզբում եղբայրը կռվել է Աղդամում, այնուհետև տեղափոխվել Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 9-ին զոհվել է։

Քույրն ասում է տարբեր բաներ են պատմում, հստակ չգիտեն՝ եղբայրը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, դիպուկահարի կրակոցից, թե՞ արկից: 

«Ամեն տեղ գնում էի, ամեն տեղ դիմում, մենք չգիտեինք՝ ինչ ա կատարվել իր հետ, ասում էի՝ գոնե դառը ճշմարտությունն ասեք, իմանանք, լուր չունեինք, կոնկրետ բան չէին ասում։ Մարտի 24-ին ԴՆԹ-ն հաստատվեց։ Մենք սպասում էինք, որ դեռ ողջ-առողջ կվերադառնա, բայց․․․»- հուզմունքի պատճառով խոսքն անավարտ է թողնում քույրը։

gasparyanner

Լիլյան ասում է՝ ճակատագիրը դաժանորեն կրկնվեց եղբոր պարագայում. տարիներ առաջ՝ 1994-ին, հորեղբայրն է զոհվել պատերազմում, նրա մահից հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են հորեղբոր անունով՝ Արթուր․ «Եղբայրս էլ նույն ճակատագրին արժանացավ ու նույն տարիքում»,- կսկիծով ասում է Լիլյան։

Արթուրը ցանկանում էր ծառայությունն ավարտելուց հետո ոստիկան դառնալ։ Շատ էր սիրում երգել, բոլոր առիթներին ու խնջույքներին՝ տանը, դպրոցում թե զորամասում, միշտ երգում էր։ «Շատ էր սիրում հայրենասիրական երգեր, «Կյանքս կտամ հայրենիքիս» երգն էր շատ սիրում ու երգում»,- ասում է քույրը ու լռում։

artur

Արթուրի զոհվելուց հետո Գասպարյանների ընտանիքում կյանքը ամբողջովին տակնուվրա է եղել։ Լիլյան ասում է՝ եղբորը բոլորը սիրում էին, նշում է՝ եթե մինչև մարտ ամիսը կարողանում էր մորը ինչ-որ կերպ հանգստացնել ու ասել, որ չարտասվի, հիմա որևէ խոսք ու սփոփանք չեն օգնում։

«Արթուրը մեզ համար ամեն ինչ էր։ Մինչև պատերազմը մենք շատ ուրախ էինք, ամեն ինչ փոխվեց։ Մենք ինչքան էլ ծանր տանենք, մայրիկիս պես ծանր չենք տանում, ամբողջ օրը նստած լացում ա, չգիտեմ՝ ինչ ասեմ իրեն»,- պատմում է քույրը։