Գարեգինը ծանր վիրավորվել է, բայց շարունակել է կրակել՝ թուրքին կենդանի չհանձնվելու համար․ Հերոս զինվորը կրտսեր եղբոր՝ Գրիգորի գրկում էլ փակել է աչքերը

1999 թ-ին, Երանոսյանների ընտանիքը՝ իրենց երկու զավակների հետ Շիրակի Երազգավորսից տեղափոխվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Արծվաշեն գյուղ։ Նրանք վստահ էին , որ Քաշաթաղը շենացնելու են: Գնում էին՝ չպատկերացնելով անգամ, թե ապագայում իրենց ինչ է սպասվում:

2000 թ-ին նրանց ավագ որդին` Գարեգինն արդեն զորակոչվել էր հայոց բանակ։ Նա ծառայում էր սահմանապահ ջոկատում, հետո դարձավ պայմանագրային զինծառայող։ Լավ ծառայության համար ստացել է ենթասպայի կոչում։ 2019 թ.-ից նրան է միանում նաև կրտսեր եղբայրը՝ Գրիգորը:

Պատերազմի հենց սկզբից, եղբայրների վաշտը՝ հրամանատար, մայոր Մայիս Մաթևոսյանի գլխավորությամբ տեղափոխվում է առաջնագիծ։ Առաջին օրվանից թշնամու թիրախում էին՝ փակում էին նրա ճանապարհը։ Հոկտեմբերի 3-ի գիշերը, այնուամենայնիվ, թշնամուն հաջողվեց շրջապատել նրանց վաշտը։

Մայրը՝ տիկին Վարդուհին, վերջին անգամ ավագ որդու հետ խոսել է հոկտեմբերի 3-ին: «Առավոտյան ինձ ասաց. «մամ, դուրս եկեք», ասացի՝ չէ, ես մնալու եմ։ Իրիկունը էլի զանգեց` ժամը 9-ի կողմերը, ասաց` լավ է, բայց առավոտն էլ չզանգեց», -արցունքն աչքերին, պատմում է մայրը։

Գարեգինը ծանր վիրավորվել է, բայց շարունակել է կրակել՝ թուրքին կենդանի չհանձնվելու համար։ Թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝ նպաստել է մարտական ընկերների շրջափակումից դուրս գալուն։ Գարեգինը կրտսեր եղբոր՝ Գրիգորի գրկում էլ փակել է աչքերը: «Գրիգորս տեսնում է, որ եղբայրը վիրավոր է։ Թուրքերը գալիս են, որ իրանց էլ շրջափակման մեջ գցեն, ստիպված եղբոր մարմինը թաքցնում է», — պատմում է հերոսների հայրը։

Գարեգինը հետմահու ՀՀ-ի նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» և ԱՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի հուշամեդալներով։

Երազգավորս վերադարձած Երանոսյաններն այստեղ էլ կմնան՝ որդու շիրիմը հիմա ավելի ամուր է իրենց պահում հայրենի գյուղում: Արցախն ամուսինների հետ է ոչ միայն իրենց հիշողություններում, այլ նորատունկ այգում՝ Արցախից բերված նռնենու տնկիներով, որոնք արդեն հասցրել են արմատակակել Երազգավորսում: