«Աստված ինձ կպահպանի, Աստվածամոր պատկերն էլ թող ընտանիքիս պահապան լինի». ՀԵՐՈՍ Նորայր Հաջիյանի զոհվելուց առաջ պատկերը տանից կորել էր

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 17-ին: Նորայրի համար մանկուց հայրենիքն ամեն ինչից առավել բարձր է եղել: Նա դեռ պատանեկության տարիներից զենքը ձեռքին պաշտպանել է հայրենիքը:

Նորայրը ջոկատի ամենափոքրն էր, դրա համար նրան բոլորը «Ճուտո» էին անվանում: Ապրիլյան պատերազմին նա առաջիններից էր, ով մեկնեց ռազմաճակատ:

Պատմում են, որ պատերազմից առաջ հերոսը եկել է տուն, կնոջն ու երեխաներին է տվել Ատվածամոր օրհնված պատկերը: Ասել է, որ Աստված իրեն կպահպանի, պատկերն էլ թող ընտանիքին պահապան լինի: Բայց մինչև Նորայրի զոհվելը Աստվածամոր պատկերը տանից կորել էր….

Զինակից ընկերները Նորայրին բնութագրում են որպես խիզախ, քաջ և անվեհեր մարտիկ: Այսօր նրա այդ հատկանիշները իրենց մեջ են կրում հերոսի որդիները:

Հերոս Նորայր Հաջիյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 5-ին Մարտակերտում: Նա հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»: