«ՀԵՐՈՍԻ հայրը չդիմացավ որդու կորստին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավթին, ով դեմառդեմ կռվեց թուրքական «Յաշմա» սպեցնազի հետ ու պայքարեց մինչև վերջ

Դավիթ Արկադիի Ադոյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 18-ին Երևանում: Սովորել է տեղի թիվ 44 հիմնական դպրոցում, այնուհետև Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում՝ Խոհարարական գործ մասնագիտությամբ:

2019 թվականին ընթունվել է Ագրարային համալսարան՝ Գինեգործության ֆակուլտետ: Նպատակ ուներ բացել սեփական գինու գործարանը՝ DAV WINE անվանումով:

Հայոց բանակ զորակոչվեց 2020 թվականի հուլիսի 17-ին: Ծառայում էր Մարտունի 2-ում, հետո տեղափոխվեց Ջրական: Սեպտեմբերի 26-ին զանգահարել էր իր հարազատներին, ընկերներին, բոլորի հետ խոսել, իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 06:41-ին զանգահարում է իր մայրիկին ու ասում. «Մամ ջան ո՞նց ես, ինձ մոտ ամեն ինչ լավա, հանգիստ եղի Մամ»:

Էդպես էլ հարազատները չեն իմացել, որ Դավիթը ընկերների հետ արդեն Հադրութում է: Ջրականից ոտքով հասել են Հադրութ: Ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Շրջափակման մեջ են եղել, ծնողները տեղյակ չեն եղել:

Դավիթ Ադոյանը եղել է այն 6 հոգու հետ, ովքեր պատերազմի ավարտից 70 օր հետո գտնվեցին: Նա վիրավոր է եղել, նռնակը կողքն է պայթել ու ոտքն ամբողջությամբ կոտրված է եղել, բայց հարազատներից ոչ ոք չի իմացել: Վիրավոր ընկերոջը 6 տղաներն իրենց հետ անընդհատ տեղափոխել են, բայց, ավաղ, ճանապարհին զոհվել է:

Ընկերները նշան են արել ու Դավիթին թողել են Վանք գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհին ու երդվել, որ եթե նրանցից մեկն էլ փրկվի, պետք է հիշի, թե որտեղ են թողել զինակից ընկերոջը: Երբ տղաները գտնվել են, Դավիթի հորն ասել են որդու տեղը:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ կարողացել են մտնել արդեն օկուպացված Վանք գյուղ և գտնել ու դուրս բերել Դավիթի դին:

«Մարտի մեջ են մտել Նախիջևանի «Յաշմա» թուրքական սպեցնազի խմբավորման հետ ու 6-ն էլ ասում էին՝ դուխով կռվում էր Դավիթը»,— պատմում է եղբայրը՝ Վահրամ Ադոյանը:

Ցավոք Դավիթի հայրը չդիմացավ որդու կորստին, միացավ Իր Դավթին:

Դավիթ Ադոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...