Զոհված ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐԸ զույգ բալիկների է լույս աշխարհ բերել. ցավոք, երեխաներից մեկի մոտ սրտի կանգ է եղել

Լևոն Մանուկյանը զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Մատաղիսում։ Նրա մայրը՝ 43 տարեկան Նելլի Ղահրամանյանը, վերջերս շատ լավ նորություն էր հայտնել. զույգ բալիկների էր սպասում, մարտ ամսին պետք է լույս աշխարհ գային։ Ստացվեց այնպես, որ երեխաները ծնվեցին վեց ու կես ամսականում:

«Ես զույգ աղջիկների էի սպասում։ Ցավոք, մի բալիկս մահացավ. սրտի կանգ էր մոտը, մյուս բալիկս Հանրապետական հիվանդանոցում պայքարում է իր կյանքի համար, դաժան բաժին է հասել մեզ. մի ցավը քիչ էր, մյուսը եղավ, սակայն փորձում եմ ուժեղ լինել, չկոտրվել։ Հունվարի տասնութից Հանրապետական հիվանդանոցում էի,

հունվարի քսաներեքի առավոտյան ծնվեցին փոքրիկներս, ցավոք, հրաշքներիցս մեկի կյանքը չհաջողվեց փրկել։ Ցանկանում եմ անսահման շնորհահալություն հայտնել Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բաժնի վարիչին՝ Աղասի Աշոտովիչին, ով հնարավոր ամեն ինչ արեց, որ գոնե փոքրիկներիցս մեկը փրկվի։

Շնորհակալ եմ մանկաբույժ Լիլիթին, ով հիմա փոքրիկիս խնամում և պարբերաբար ինձ լուսանկարներ է ուղարկում, որ տեղեկանամ երեխայիս առողջական վիճակից։ Ի հիշատակ պատ երազմում զոհված որդուս՝ Լևոնիս, ամուսինս ու դուստրս նոր ծնված փոքրիկիս անվանեցին Լեոնա»,- պատմել է Լևոնի մայրը՝ տիկին Նելլին:

Տիկին Նելլին վստահ է, որ փոքրիկն Աստծո ու իր զոհված որդու պարգևն է իրեն, ասաց, որ նորածին դստրիկը շատ նման է իր Լևոնին։ Տիկին Նելլին զրույցի ավարտին ասաց, որ հիմա առավել ուժեղ պիտի լինի, ապրի ու ապրեցնի իր փոքրիկին։