«Պատերազմը սկսվեց հոր ծննդյան օրը, զոհվելու լուրն էլ ստացան մոր ծննդյան օրը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԱՐՍԵՆԻՆ

Արսեն Մերուժանի Եղոյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

2016 թվականի Ապրիլյանից հետո՝ 2017 թվականի հունվարի 21-ին Արսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ու ես մի ողջ ազգի երազանք եմ գրում` թող, որ 2017 թվականին լռեն բոլոր զենքերը, ու թող ոչ մի մայր չտեսնի իր որդու կորուստը»։ 2017 թվականի Մայիսի 21-ին Արսենը իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառում է կատարել. «Պայքարիր հանուն նրա, ինչը քեզ համար թանկ է, անգամ երբ ողջ տիեզերքն է դեմ»։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ագրարային համալսարան՝ Տնտեսագիտության բաժին։ Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի դեկտեմբերին՝ կիսատ թողնելով ուսումը։ Ծառայում էր Կապանի հրետանային գնդում, եղել է «գռադ» հրթիռային համակարգի կրակային հաշվարկող։

Սեպտեմբերի 4-ից տեղափոխվել էին Ջրական՝ զորավարժությունների։ Մարտական հերթապահությունները անցկացրել է Ջրականի դիրքերում։ Հենց այդտեղ էին, երբ սկսվեց պատերազմը:

Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտական դիրքերում, քաջաբար պայքարել է թշնամու դեմ, մասնակցել Ջրականի պաշտպանության մարտերին։ Զոհվեց սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից։ Զոհվեց՝ հավատարիմ մնալով իր իսկ խոսքերին:

Պատերազմը սկսվեց Արսենի հայրիկի ծննդյան օրը, Արսենի զոհվելու լուրն էր ընտանիքը ստացավ մայրիկի` Հասմիկ Սահակյանի ծննդյան օրը…

ՀՀ Նախագահի հրամանագրով Արսեն Եղոյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Ծառայության մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...