«Մինչև բանակ գնալը զգում էր, ասում էր՝ երբ ես գնամ, պատերազմ կլինի». ՀԵՐՈՍ Հովիկը ընդամենը 2 ամսվա ծառայող էր, բայց կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Հովիկ Արտաշեսի Սահակյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 7-ին Վայոց Ձորի Գետափ գյուղում: Լուսավոր ու հրաշք տղա, ում մեջ էնքան սեր կար, որ բավականացնում էր բոլորին: Լուսավոր տղա, ով ապրեց ընդամենը 19 լուսավոր գարուն:

Հովիկը սիրում էր բոլորին ժպիտներ պարգևել, կարծես առաքելությունը հենց դա էր՝ մարդկանց սեր ու ժպիտ տալ: Բոլորի հետ լեզու էր գտնում՝ մեծերի հետ մեծի նման էր, փոքրերի հետ՝ փոքրի:

Հայոց Բանակ զորակոչվեց 2020 թվականի հուլիսի 7-ին, ինչպես միշտ՝ ժպիտը դեմքին, ուրախ գնաց, ճանապարհելիս էլ ասաց՝ չլացեք, շուտ եմ գալու: Նախքան բանակ գնալը կանխազգում էր ասում էր՝ երբ ես գնամ, պատերազմ կլինի: Պատերազմին մասնակցեց առաջին իսկ օրից, բայց, ցավոք, զոհվեց հենց առաջին օրը՝ սեպտենբերի 27-ին… զոհվեց արիաբար, իսկական հերոսի պես:

Անմահացավ Ջրականի մարտերում: 3 օր լուր չկար, իսկ սեպտեմբերի 30-ին գույժը հասավ հարազատներին: Պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից արիության մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...