Մի՞թե Աճառյանը այնքան ժլատ էր, որ ժամերով սպասել է 5 կոպեկ մանրին

1920-ական թվականների կեսերին կատարվում է համաժողովրդական ինչ-որ հանգանակություն: Բոլոր հիմնարկներն իրենց մոտ հավաքված գումարները տանում մուծում են կենտրոնական փոստի դրամարկղ: Ներայանում է նաև Աճառյանը և հերթի կանգնում: Երբ մոտենում է դրամարկղին, հանում է 50 ռուբլի, հանձնում:

-Ո՞ր հիմնարկի կողմից է,- հարցնում է աղջիկը:

-Իմ կողմից է, գրեցեք Հրաչյա Աճառյան,- պատասխանում է նա:

-Հասկացանք, Հրաչյա Աճառյանի միջոցով է մուծվում, բայց գումարը ո՞ր հիմնարկումն է հավաքված,- կրկին հարցնում է աղջիկը, որի մտքով էլ չէր կարող անցնել, թե մի անհատ այդքան մեծ գումար է նվիրում:

Աճառյանը նորից է բացատրում, թե դա իր կողմից է: Աղջիկը ընդունում է գումարը, տալիս անդորրագիրը: Նույն օրը Աճառյանը ինչ-որ գումար էլ մուծում է «Արմատական բառարանի» հերթական պրակները Մոսկվա ուղարկելու համար, գումարը ստանում է նույն աղջիկը, ով 5 կոպեկ պարտք է մնում: Մտածելով, թե նման մի հարուստ մարդու համար 5 կոպեկը չնչին գումար է, հանգիստ ասում է, թե մանր չունի:

֊էհ, չունես, կսպասեմ, աղջիկս, — պատասխանում է պրոֆեսորը և սպասում է ժամեր: Չի գնում, մինչև որ 5 կոպեկը չի ստանում։