«Նա պարզապես հրամանատար չէր. իր զինվորների համար եղել է և՛ ավագ ընկեր, և՛ եղբայր, իր զինվորներին օգնելիս էլ զոհվել է». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արթուրին

Արթուր Մանուկի Անտոնյանը ծնվել է 1997թ օգոստոսի 21-ին Երևանում։ Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարան՝ Զբոսաշրջության բաժին։ Սպորտի մեծ սիրահար էր, անգամ ծառայության ընթացքում չի դադարել մարզումները և ազատ ժամանակը պահը չէր կորցնում մարզասրահ գնալու:

Հերոսը երազում էր ճանապարհորդել։ Ծառայությունից հետո ուզում էր մեկնել Միացյալ Նահանգներ:

2018 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ստացել լեյտենանտի, այնուհետև ավագ լեյտենանտի կոչում: 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ իր ծննդյան օրը, ծառայության է անցել Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում։

Արթուրը պարզապես դասակի հրամանատար չէր: Իր զինվորների համար նա եղել է և՛ ավագ ընկեր, և՛ եղբայր։ Իր տեսակով անչափ բարի էր, սրտաբաց, միշտ պատրաստ էր օգնել բոլորին: Բայց ախ, էդ պատերազմը…

Առաջին իսկ օրվանից մասնակցել է մարտերին։ Պատերազմի ընթացքում չի լքել իր զինվորներին, իրենց հետ հավասար կյանքի ու մահու կռիվ է տվել։

Կռվել է ամենաթեժ կետերում՝ Աղդամում, Նոր-Մարաղայում, Մարտունիում։ Իր ճիշտ և գրագետ հաշվարկների շնորհիվ կանխել է թշնամու հարձակումը և հրետանիով ոչնչացրել ավելի քան 200 թշնամու։

Հոկտեմբերի 31-ին տեղափոխվել են Մարտունի՝ մարտական առաջադրանք կատարելու համար: Լուծելով իրենց առջև դրված խնդիրը՝ նոյեմբերի 2-ի առավոտյան պատրաստվում էին ետ վերադառնալ իրենց նախկին դիրքեր, սակայն այդ օրը ճակատագրական եղավ նրանց համար: Զինվորներին օգնելու ժամանակ թշնամու ուղարկած ԱԹՍ-ն հարվածեց նրանց։

Արթուրը զոհվեց իսկական հերոսի պես՝ հավատարիմ մնալով իր Հայրենիքին, իր զինվորին, իր ազգին…

Արցախի հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...