«Պատերազմից հետո ողջ էր մնացել, բայց լրագրողների պատճառով լուրը հասավ թշնամուն». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Ալբերտի պատմությունը
Ալբերտ Գագիկի Ստեփանյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ 2020 թվականին ավարտել է տեղի Պետրոս Ղևոնդյանի(Պետո) անվան միջնակարգ դպրոցը, որից հետո հուլիսի 20-ին զորակոչվել է բանակ։
Ծառայել է Ջաբրայիլում։ Պատերազմից առաջ առողջական խնդիրներից ելնելով՝ տեղափոխվել էր հոսպիտալ։ Ընդամենը մի քանի օրվա վիրահատված էր, բայց տարան դիրքեր։ Ջաբրայիլից տեղափոխվել է Հադրութ, հետո կապը կորավ։
Ալբերտը անհետ կորած էր համարվում, մինչև դեկտեմբերին անտառներից գտան 6 զինվորների։ Իրենց նկարը ցույց տվեցին, իրենք ճանաչեցին, ասացին, որ իրենց հետ է եղել, հետո տարաձայնությունների պատճառով բաժանվել են խմբերի, իրենց խումբն էլ հավանաբար տներից մեկում է։

Բայց, քանի որ լրագրողներն ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ տարածեցին, լուրը հասավ թշնամուն։
Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կայքերը տարածել էին մի հոլովակ, որը նկարահանվել էր դեկտեմբերի 27-ին։ Հոլովակում 6 սպանված Հերոսներն էին։ Կրակոցները նույնիսկ լսվել էին, բայց հայկական ՊՆ-ն հերքեց, ասելով, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել հենց ադրբեջանցիների մեջ։
Արդեն հունվարին Տղերքի դիերի ճանաչման ժամանակ Ալբերտի գրպանից գտնում են անձը հաստատող փաստաթղթերը…
Ալբերտը զոհվեց պատերազմի ավարտից շատ ավելի ուշ , որ մենք ապրենք…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...