«Մարդիկ հավատում են, որ կինը կարող է լուծել ցանկացած խնդիր»․ ինչպես Լիլիթը ընտրեց փրկարարի ուղին

Փրկարար լինելը հեշտ գործ չէ, իսկ կին փրկարար լինելը առավել ևս։ Բայց Լիլիթն ապացուցում է, որ կանայք կարող են լինել ու աշխատել տղամարդկանց կողքին ինչպես համասարը հավասարի։ Կին փրկարարը հատուկ առաքելություն է, այս մասին հենց ինքն է ասում՝ փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը։ Երբ ահազանգին արձագանքում են, և օգնության է հասնում կինը, մարդիկ ավելի հանգիստ են լինում։ Լիլիթը ասում է, որ մարդիկ հավատում են, որ կինը կարող է լուծել ցանկացած խնդիր։

Ղազարյանը արդեն 16 տարի է ինչ աշխատում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է, և դեռ ուսանողության տարիներին է ընտրել մասնագիտությունը։ Շների հետ աշխատելը նրա համար ուղղակի հաճույք է։ Կարելի է ասել, որ նա մանկուց է սիրել շներին ու նրանց համարում է ամենահավատարիմն աշխարհում։

Լիլիթն ասում է, որ աշխատանքում ամենաբարդն այն է, երբ որոնողական աշխատանքների ժամանակ ներկա են լինում կորած մարդկանց հարազատները։ Մասնագետը հասկանում է, որ երեխան կամ մեծահասակը, որը փորձանքի մեջ է ընկել, ամենայն հավանականությամբ, արդեն ողջ չէ, սակայն հույս տեսնելով հարազատների աչքերում՝ նա չի համարձակվում ասել նրանց այդ մասին։ Շների հետ աշխատանքն օգնում է Ղազարյանին վերականգնել ուժերը և վերադարձնել ներքին հավասարակշռությունը։