Այս ՀԱՅՆ ԱՌԱՋԻՆՆ է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Հովհաննեսի Չոպանյանի մասին է՝ ծնված 1872 թ. հուլիսի 15-ին Կ. Պոլսում։

Արշակ կրթություն է ստացել Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։

Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։

Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։

Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902 թվականին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» 1910 թվականին, «Հայ էջեր» 1912 թվականին, «Հայրեններու բուրաստանը» 1940 թվականին և այլ ուսուսմնասիրություններ։

Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ։

Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը։ Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին։

Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ։ Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածուում։

Մահացել է 1954 թ. հունիսի 8-ին Փարիզում։