Գիտե՞ք, թե իրականում ինչ պատմություն ունի ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹԸ և ինչու՞ ՉԱՐԵՆՑԸ թույլ չտվեց ԽՍՀՄ-ին քանդել այն

Նախորդ դարի 30-ականներին առաջին անգամ խորհրդային Երևան այցելեց երիտասարդ ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը։ Մայրաքաղաքում նրա ամենասիրելի անկյուններից մեկը դարձավ Կապույտ մզկիթի բակը, որտեղ նա «պարսկական թեյ» էր խմում տեղացի բարեկամների հետ։

Պատահական չէ, որ Սարոյանին հայաստանցի գրողները թեյ խմելու էին հրավիրում հենց Կապույտ մզկիթի բակ։ 20-րդ դարի 20-ականների սկզբից այն հայ մտավորականության առանձնահատուկ հավաքատեղի էր դարձել։ Գուրգեն Մահարին, Ակսել Բակունցը, Եղիշե Չարենցն ու այլ գրողներ և նշանավոր գործիչներ մզկիթի բակը վերածել էին գրական քննարկումների անկյունի, և դրա շնորհիվ փրկեցին մզկիթը։ 

Խորհրդային իշխանությունները արդեն որոշում էին կայացրել այն քանդել: Սակայն մզկիթի փրկության գործում նշանակալի դեր է ունեցել հենց Չարենցը։ 2018թ․-ի հունիսին մզկիթում անգամ հատուկ միջոցառում են անցկացրել ի հիշատակ և ի երախտագիտություն Չարենցի՝ մզկիթի փրկության հարցում նրա ներդրման համար։ Սակայն չարենցագետ Դավիթ Գասպարյանը հավատացնում է՝ բանաստեղծը մզկիթի փրկության հետ ուղիղ կապ չուներ, թեև իր անուղղակի ներդրումն ունեցել է։ 

Սկզբում Կապույտ մզկիթում տեղակայված էր Երևանի պատմության և բնության թանգարանը, որտեղ հնագիտական, պատմական և մշակութային ցուցանմուշներ էին պահվում, ավելի ուշ՝ պլանետարիում։ Իսկ Հայաստանի անկախության հաստատումից հետո՝ արդեն 1995թ․-ին, իրանական կողմի աջակցությամբ Կապույտ մզկիթը դարձյալ գործող մզկիթ դարձավ։

Այսօր Կապույտ մզկիթը Հայաստանում իրանական համայնքի մշակութային կենտրոնն է։ Սա Երևանի տարածքում գոյություն ունեցած ութ մզկիթներից միակն է, որ պահպանվել է։