«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի». գիտե՞ք՝ ինչպես է հնչում ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ իսկական ազգանունը

Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովրը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը:

Հայ բանաստեղծ, դրամատուրգ Պետրոս Աբրահամի Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում, երկաթագործի ընտանիքում: Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան։ Զըմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:

Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ մ՚ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր, հայրը կարողացավ խնայողություններ անել, գնեց երկհարկանի փայտաշեն մի տուն։ Բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան Պոլիս էր արտահանում էժան ապրանքներ։ Երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։

Մայրը՝ Արուսյակ դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։ Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։

Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։