Փարիզյան նորաձևության  ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԸ․ ինչպես հայուհին գրավեց համաշխարհային բեմերը

Փարիզի Նորաձևության շաբաթը համաշխարհային 4 շաբաթներից ամենակարևորն ու եզրափակիչն է (մյուս երեքն ընթանում են Լոնդոնում, Նյու Յորքում և Միլանում)։ Հայ դիզայներ Ասյա Տեր-Հովակիմյանը մասնակցել է Փարիզյան նորաձևությանը։ Նա իր համակուրսեցի Ֆրանցիսկո Ջոուի հետ ներկայացնում է Omniss ապրանքանիշը։

London College of Fashion-ում ուսանելու ժամանակ երիտասարդ նկարիչ-դիզայներների հիմնած ապրանքանիշն առաջին անգամ ներկայացվել է 2016թ-ի փետրվարին Լոնդոնի Նորաձևության շաբաթի շրջանակում։

Նորաձևության շաբաթում ներկայացված հավաքածուն անցյալի և ապագայի յուրօրինակ երկխոսություն է։ Դիզայների խոսքով` հավաքածուն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, բայց առայժմ վաղ է հետևություններ անել։

«Միջոցառման ավարտից հետո հաղորդակցությունը շարունակվում է ևս մեկ ամիս։ Երկու միջազգային ամսագրեր նկարահանումների համար արդեն առանձնացրել են մեր որոշ աշխատանքներ։ Ինչպես գնորդներին, այնպես էլ լրագրողներին շատ են դուր եկել ասեղնագործ վերնաշապիկներն ու շապիկները», — պատմում է Ասյան։

Նա նշեց, որ Փարիզում նորաձևության շաբաթը բավականին խիստ է մոտենում ապրանքանիշների ընտրությանը. այն պետք է լինի յուրահատուկ, ունենա որակյալ արտադրանք և միջազգային բուտիկների հետ համագործակցության որոշակի փորձ։ Հենց այստեղ են տեղի ունենում ամենահայտնի Նորաձևության տների` Chanel, Christian Dior, Louis Vuitton, Balmain, Chloé, Nina Ricci, Lanvin, Balenciaga և այլ հավաքածուների ցուցադրությունները։