«Ինքը հերոս տղա էր, նա իր կյանքը նվիրեց հային ու հայրենի հողին»․ հերոս Արմենակ Խաչատրյանի մասին պատմում են հարազատները

Մեր նորօրյա հերոսներից է Արցախում զոհված Արմենակ Բագրատի Խաչատրյանը։ Նա Շիրակի մարզի Կամո համայնքից էր, 19 տարեկան, ունի 2 քույր:

Բոլորը նրան հիշում են բարի, աշխատասեր, ընկերասեր, մեծերի նկատմամբ հարգանքով և շատ հայրենասեր տղայի: Մինչև բանակ զորակոչվելն Արմենակը ոսկերչություն էր սովորում։ Սիրում էր այդ գործու ու ուզում էր լավ ոսկերիչ դառնալ։   

Արմենակը բանակ էր զորկաչվել 2019 թ-ի դեկտեմբերին, հորեղբոր տղան ասում է, որ շուտով ծառայության 1 տարին կլրանար, սակայն ծառայության ամբողջ ընթացքում ոչ մի անգամ դժգոհություն չէր հայտնել բանակից.

«Պատերազմական օրերին, երբ զանգում էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, շատ լավ է, դուխներդ տեղը պահեք, մենք կհաղթենք, մինչև վերջ էլ իր դուխը տեղը, հայրենասիրությունը տեղը, ռազմական ոգին տեղը, մի վայրկյան վախ չի ունեցել, ոչ էլ մտքի ծայրով անցել է, որ ռազմի դաշտը թողնի, միշտ մտածել է՝ առաջ գնա»,-պատմում են հարազատները:

Վերջին անգամ հերոսի հետ խոսել են հոկտեմբերի 23-ին, դրանից հետո կապն ընդհատվել է. «Հոկտեմբերի 26-27-ն էր, մեզ զանգեցին Գյումրու դիահերձարանից ու այդ բոթը հայտնեցին: Այդ լուսաբացը մեզ համար շատ դաժան եղավ… Ինքը հերոս տղա էր, իր կյանքը նվիրեց հային ու հողին…»: